Ճանապարհային ոստիկանությունը հունվարի 21-ին, ամփոփելով 2019-ի վիճակագրությունը, նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նախորդ տարի նվազել է։
«2019-ին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4799 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 341, վիրավորվել՝ 6801 քաղաքացի։ Զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է երկուսով»,- ներկայացվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է նախորդ տարիներին Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած պատահարների վիճակագրությունն ու դրանց հետևանքները։
Ինչպես նշվեց, 2019-ին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 2-ով։ Եթե 2018-ին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել էր 343 մարդ, ապա 2019-ին՝ 341 մարդ։ 2017 թվականին զոհերի թիվը եղել է 279։
Թեև զոհերի թիվը նվազել է, սակայն մոտ 850-ով աճել է ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը։ Եթե 2018-ին վիրավորվել էր 5950 անձ, ապա 2019-ին 14 տոկոսով ավել՝ 6801։ 2017-ին ՃՏՊ-ների արդյունքում վնասվածք էր ստացել 5179 մարդ։
Ընդհանուր ՃՏՊ-ների թիվը 2019 թվականին աճել է 16 տոկոսով։ Եթե 2018 թվականին գրանցվել էր 4111 ՃՏՊ, ապա 2019-ին՝ 4799 ՃՏՊ։ 2017-ին գրանցվել էր 3535 ճանապարհատրանսպորտային պատահար։
Փաստացի, թեև զոհերի թիվը 2-ով նվազել է, զգալիորեն աճել է վիրավորների թիվը, ինչի մասին ՃՈ-ն չի հայտնում։
Վթարների պատճառները
Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները, իհարկե, բազմաբնույթ են՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներից մինչև անբարեկարգ կամ ոչ պատշաճ կահավորմամբ ճանապարհներ։ Սակայն, այս պատճառներից զատ, վթարների մեջ բավականին մեծ տեղ են զբաղեցնում հետիոտնի մեղավորությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ները։
Ըստ ճանապարհային ոստիկանության կողմից FIP.am-ին տրամադրած տվյալների՝ 2019թ. հետիոտնային խախտումները հանգեցրել են 80 մարդու մահվան, ևս 628 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
2018 թվականին հետիոտների կողմից կատարված ՃԵԿ խախտումների հետևանքով զոհվել էր 77, վիրավորվել` 763 մարդ։
Վթարների աճի պատճառ է հանդիսանում նաև ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացումը։ Այսպես, եթե 2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36 137 ավտոմեքենա, ապա հաջորդ տարի՝ 2018-ին ներմուծված ավտոմեքենաների թիվն ավելացել է ավելի քան 77 տոկոսով՝ 64 082 ավտոմեքենա։ Իսկ արդեն նախորդ տարի՝ 2019-ին, պայմանավորված ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի մոտալուտ ուժի մեջ մտնելով, Հայաստան է բերվել 189 018 ավտոմեքենա, ինչը մոտ 300 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Եվ չնայած չկա տեղեկատվություն, թե այս մեքենաներից քանիսն է վերավաճառվել և հանվել երկրից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ավտոճանապարհներին էականորեն ավելացել է մեքենաների թիվը, ինչն իր հերթին ազդել է ՃՏՊ-ների վիճակագրության վրա։
Սևադա Ղազարյան