Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ-ին որևէ դիմում չի հասցեագրել:
«Ինչ մեղքս թաքցնեմ՝ արդեն շուրջ մեկ տարի է՝ ես լրիվ մոռացել էի, որ Հայաստանի Հանրապետությունում ենթադրաբար գոյություն ունի ՄԻՊ հաստատություն։ Հրաժարական ներկայացրած ՄԻՊ-ին որևէ դիմում չեմ հասցեագրել, քանի որ նա անկախ չի եղել և ոչ էլ կարող էր անկախ լինել իր քաղաքական թիմից՝ ՔՊ-ից»,- նշել է նա։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Մելիքյանը իր նշած ժամանակահատվածում որևէ դիմում չի ներկայացրել ՄԻՊ գրասենյակին:
Քրիստինե Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2022 թ․ փետրվարի 24-ից։ 2023 թ. հունվարի 23-ին Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ աշխատակազմից տրամադրեցին տեղեկություններ, որոնք փաստում են, որ Ռուբեն Մելիքյանն այդ ընթացքում մի քանի անգամ առնչվել է կառույցին:
Այսպես, Ռուբեն Մելիքյանը 2022 թ. ապրիլի 22-ին զանգել է ՄԻՊ աշխատակազմում շուրջօրյա գործող «Թեժ գիծ» ծառայությանը և տեղեկացրել, որ մի շարք քաղաքացիներ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, և խնդրել է կատարել արագ արձագանքման այց: ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության այդ բաժին, որտեղ գտնվել է նաև ինքը՝ Մելիքյանը, և բերման ենթարկված քաղաքացիներին ցուցաբերել են իրավաբանական աջակցություն:
«Բացի այդ, ափյուռքահայ Մասիս Աբրահամյանի՝ ՀՀ մուտքն արգելելու վերաբերյալ գործով, թեև ի սկզբանե Ռուբեն Մելիքյանը չի զանգահարել կամ ներկայացրել դիմում և հայցել ՄԻՊ աջակցությունը, սակայն ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ դեպքին արձագանքելուց և Մասիս Աբրահամյանի մոտ փաստաբանի մուտքն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Մելիքյանը կապվել է ՄԻՊ համապատասխան աշխատակիցների հետ և ստացել վերջիններիս աջակցությունը»,- հայտնում են ՄԻՊ-ից:
Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ 2022 թվականի ընթացքում տեղի ունեցած ընդդիմադիր հավաքների ընթացքում ոստիկանության բաժիններում բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչների արձանագրած՝ անձանց իրավունքների ոտնահարմանն առնչվող մի շարք հարցեր արձանագրվել են Ռուբեն Մելիքյանի ներկայացրած պնդումների համատեքստում:
«Մի շարք դեպքերում պաշտպանի հաստատությունը արձագանքել է նաև Մելիքյանի հրապարակային հայտարարություններին կոնկրետ անձանց իրավունքներին առնչվող հարցերով․ դրանց վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչները ճշգրտումներ են կատարել հենց Մելիքյանի հետ՝ հեռախոսազրույցի միջոցով, և դրանց տրվել է համապատասխան ընթացք: Հրապարակային ներկայացված խնդիրների շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ Մելիքյանի կողմից հրապարակային բարձրաձայնված հարցը ստացել է դրական լուծում, մասնավորապես, փոխվել է իր վստահորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը»,- հավելել են ՄԻՊ-ից:
Այսպիսով, Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե նա հրաժարական ներկայացրած Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարում ՄԻՊ-ին որևէ դիմում չի հասցեագրել, կեղծ է․ Մելիքյանը մի քանի անգամ առնչվել է ՄԻՊ գրասենյակի հետ և ստացել աջակցություն առանձին դեպքերում:
Լուսինե Ոսկանյան