Դեռևս 2019-ի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր (26:00-ից սկսած), որ 2019 թվականին Հայաստանը մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցնել Վրաստանից։
«Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ և պատմական, գուցե, նշանակություն ունի։ 2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։ Բայց առավել կարևոր է, որ 2020 թ․ արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից»,- ասել էր Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» այն ժամանակ անդրադարձել էր վարչապետի այս պնդումներին՝ պարզելով, որ վարչապետի հայտարարությունը հիմնված էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների վրա, մինչդեռ երեք երկրների պաշտոնական վիճակագրությունների համաձայն՝ 2019-ին Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով զիջում էր և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019-ին այս ցուցանիշը Հայաստանում կազմել էր 4615 դոլար, Վրաստանում՝ 4696 դոլար, Ադրբեջանում՝ 4808 դոլար։
Այս ցուցանիշներին բավական մոտ էին նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ցուցանիշները։ Մինչդեռ վարչապետը Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ որպես հիմք վերցրել էր Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։ 2020 թվականի մասին արված հայտարարությունը ևս արվել էր ԱՄՀ-ի կանխատեսումների հիման վրա։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակեց նաև 2020-ի արդյունքները, ըստ որոնց՝ Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7.6 տոկոսով, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 4269 դոլար։
Չնայած Վրաստանի ու Ադրբեջանի վիճակագրական ծառայությունները դեռևս պաշտոնապես չեն հրապարակել 2020 թվականի ՀՆԱ-ի մասին տվյալները, սակայն ըստ նախնական հաշվարկների՝ Վրաստանում տնտեսական անկումը կկազմի մոտ 6․1 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 4․3 տոկոս։
Սա նշանակում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Վրաստանում կկազմի մոտավորապես 4409 դոլար, Ադրբեջանում՝ 4601 դոլար։
Ինչպես 2019 թվականի, այնպես էլ նախորդ տարվա դեպքում Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանը շարունակում է զիջել հարևան երկու երկրներին։ Ըստ ՀԲ-ի՝ 2020-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 4622 դոլար, Վրաստանում՝ 4697 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 4793 դոլար։
Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները բոլորովին այլ են։
Ըստ ԱՄՀ-ի՝ նախորդ տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 4310 դոլար, Վրաստանում՝ 4410 դոլար, Ադրբեջանում՝ 4120 դոլար։ Հետաքրքիր է, որ ԱՄՀ-ի կողմից նախորդ տարի հրապարակված ցուցանիշները 2019-ի վերաբերյալ էականորեն տարբերվում են այժմ ներկայացվող ցուցանիշներից, և ճշտված տվյալների համաձայն՝ 2019-ին Հայաստանն այս ցուցանիշով զիջում էր թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին։
*Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների
Ինչպես նշեցինք՝ կովկասյան երեք պետություններից ամենամեծ տնտեսական անկումը գրանցվեց հենց Հայաստանում, հետևաբար՝ բնակչության գրեթե նույն թվաքանակի դեպքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պետք է նվազեր ամենից շատ, ինչը, սակայն, ԱՄՀ-ի մասնագետների կարծիքով այդպես չէ, և 2020-ի նախնական տվյալներով Հայաստանն այս ցուցանիշով անցել է Ադրբեջանից, սակայն այս անգամ ըստ նույն ԱՄՀ-ի՝ զիջում է Վրաստանին։
Ի դեպ՝ սա միակ դեպքը չի, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները իրականությանը չեն համապատասխանում։ Վերջերս Համաշխարհային բանկը հրապարակել էր երկրների միջև իրականացվող տրանսֆերտների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 200 մլն դոլար։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ հաշվարկի հիմքում ընկած էր Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունները, մինչդեռ, իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում։
Այսպիսով, փաստենք, որ 2019-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, թե 2019-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ առաջ ենք անցել Վրաստանից, իրականությանը չէր համապատասխանում նաև ԱՄՀ-ի մասնագետների կողմից ճշգրտելուց հետո։
Ինչ վերաբերում է նախորդ տարվան, ապա ըստ երեք երկրների պաշտոնական վիճակագրական ծառայությունների և Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանը շարունակում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ զիջել հարևան պետություններին, և միայն Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական տվյալներով է, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից։ Սակայն պետք է նշել, որ այս ցուցանիշը դեռ վերջնական չէ, և հաշվի առնելով այն փաստը, որ երեք երկրներից ամենամեծ տնտեսական անկումը գրանցվել է հենց Հայաստանում, ԱՄՀ ճշգրտված ցուցանիշների հրապարակման դեպքում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կզիջի նաև Ադրբեջանին։
Սևադա Ղազարյան