Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 1-ին «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ 2018 թվականին Հանրային ռադիոյի շենք Նիկոլ Փաշինյանի մուտք գործելն ահաբեկչություն էր և համանման այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ՊՊԾ գնդում 2016 թվականին:
«Հանրային ռադիոյում գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում»
Վիտալի Բալասանյանը, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է ռադիոտունը, որակավորումը հետևյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք է ներխուժել, գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը և ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:
Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականին ընդունած N 1008 որոշման, «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ն ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության շենքերի ցանկում է գտնվում: Այս պնդումը հաստատվում է նաև 2018 թվականին ապրիլի 14-ին ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ:
Զենքի կիրառում, սակայն, ինչպես պնդում է Բալասանյանը, չի եղել: Ավելին, ինչպես երևում է «Ազատություն» ռադիոկայանի տեսագրությունում, Հանրային ռադիոյի անվտանգության պահպանմամբ զբաղված ոստիկանն է զենքն ուղղել դեպի շենք մտած ցուցարարը, այլ ոչ թե հակառակը:
Ինչ վերաբերում է գույքի վնասմանը, ապա խոսքը, հավանաբար, գնում է ցուցարարների կողմից կոտրված դռան մասին (երևում է նույն տեսանյութում): Կոտրված դուռը, հիշեցնենք, վերանորոգվել էր 2019-ի մայիսի 7-ին, երբ Հանրային ռադիոյի շենք էր այցելել Փաշինյանն ու ինքն էլ մասնակցել նորոգմանը։
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի և այլ ցուցարարների՝ Հանրային ռադիո մտնելու մասին Վիտալի Բալասանյանի արած պնդումները մասամբ են համապատասխանում իրականությանը և մանիպուլյատիվ են:
«Ադամ Շիֆին հանդիպելն է մեր դիվանագիտությունը»
Նույն հարցազրույցում Վիտալի Բալասանյանը քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆին հանդիպելու համար:
«ՀՀ վարչապետը վերջերս Ամերիկա այցելության ժամանակ հանդիպում է մի մարդու՝ Ադամ Շիֆի հետ, նա նաև ելույթ ունեցավ, որ արդեն իսկ մոտ ժամանակներս սկսելու է ԱՄՆ նախագահի հրաժարականի գործընթաց, եթե դեռ չի սկսել: Սա՞ է արդյոք մեր դիվանագիտությունը»,- ասել է Բալասանյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովում, որի նախագահն Ադամ Շիֆն է, ներկայում քննվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային զրույցը: Այս խնդիրը հիմք ընդունելով՝ Դեմոկրատական կուսակցությունը սկսել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը Դեմոկրատական կուսակցության անդամ է: Նա տարիներ շարունակ հայտնի է եղել իր հայամետ գործունեությամբ: Օրինակ՝ 2007 թվականին նա հեղինակել է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձևը: Տարբերի տարիների նա հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչելու կոչերով:
Շիֆը հայամետ դիրքորոշումով է հայտնի նաև Արցախյան հիմնախնդրի հարցում: Երբ 2014 թվականին հակամարտության գորտում խոցվեց հայկական ուղղաթիռը, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարը չէ, որը հանդիպել է Ադամ Շիֆին։ 2010 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել էր կոնգրեսականին և շնորհակալություն հայտնել` «ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար»:
Հաշվի առնելով եղած նախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի և Ադամ Շիֆի հանդիպումը չի կարող համարվել արտառոց երևույթ, և Վիտալի Բալասանյանի հայտարարությունը դուրս է ԱՄՆ կոնգրեսականի գործունեության համատեքստից և մանիպուլյատիվ է:
«Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը»
Հոկտեմբերի 1-ի հարցազրույցում Վիտալի Բալասանյանը կրկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը:
«Հիմա Ռոբերտ Քոչարյանին դատում են սահմանադրական կարգի տապալման փորձ անելու հոդվածով, որը 2008 թվականին չի եղել։ Այդ օրենքն ընդունվել է հետագայում, որը հետադարձ ուժ չունի, իսկ երբ հանրապետության վարչապետը կոչ է անում դատարանները շրջափակել, և թե՛ ինքը, թե՛ պատգամավորները և թե՛ պետական պաշտոնյաներն ի կատար են ածում դա՝ դա է սահմանադրական կարգի տապալումը»։
Այս հարցին «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է դեռևս մայիսին՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարաններն արգելափակելու կոչը սահմանադրական կարգի տապալում չի եղել։
Ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի, սահմանադրական կարգը տապալելը նշանակում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որը դատարանների արգելափակման օրը տեղի չի ունեցել։
«Եղել է իշխանության բռնազավթում»
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության գործընթացին:
Ըստ նրա, տեղի է ունեցել իշխանության բռնազավթում. «Երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն են առաջադրում, ինքը հրաժարական է տալիս, որ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվի, երկրորդ անգամ են թեկնածություն առաջադրում, նորից հրաժարական է տալիս։ Այնուհետև ցրվում է Ազգային ժողովը, և Նիկոլ Փաշինյանը նորից հայտնվում է վարչապետի աթոռին։ Ինքը հրաժարական տված պաշտոնյա է եղել այդ ժամանակ։ Այդ օրերին, մինչև վարչապետի նոր ընտրություն՝ ԱԺ ձևավորվելուց հետո, եղել է իշխանության բռնազավթում։ Դա նույնն է, որ փողոցից ցանկացած մարդ նստեր ու ասեր՝ ես վարչապետ եմ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Դրանից հետո հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որոնց արդյունքներով Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն արձակվեց: Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 9-ին: Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70%-ը: Արդեն հունվարի 14-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը:
Իսկ ինչ վերաբերում է այդ գործընթացի ժամանակ Փաշինյանի պաշտոնավարմանը, ապա ըստ Սահմանադրության 158-րդ հոդվածի՝ «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»:
Սա նշանակում է, որ 2018 թվականին վարչապետի ընտրության կարգում չեն արձանագրվել խախտումներ, և Վիտալի Բալասանյանի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, սխալ է:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նախկինում էլ հանդես է եկել բազմաթիվ մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներով, այդ թվում՝ նաև իշխանության բռնազավթման մասին։
Լուսինե Ոսկանյան