«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի ղեկավարության տարիներին Մետրոպոլիտենում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ։ «Փաստերի ստուգման հարթակը» վերջերս պարզել էր, որ Յայլոյանն այդ հիմնարկին պատկանող տարածքների մի զգալի մասը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր իր որդիներին։
Սակայն Մետրոպոլիտենը վարձակալության տարածքներ է հանձնել մի շարք այլ անձանց և ընկերությունների, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Մետրոպոլիտենի ղեկավար կազմի հետ։
«Զարա» ՍՊԸ
Մետրոպոլիտենի հետ վարձակալության պայմանագիր ունի «Զարա» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը տնօրինում է «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահը՝ 38,4մ², որի համար վճարում է մոտ 134,500 դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2013 թ․ մարտին՝ 25 տարի ժամկետով։
«Զարա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ․ փետրվարի 25-ին, այսինքն՝ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։ Հաշվի առնելով այն փաստը, որ նորաստեղծ ընկերության տնօրենն էր Գուրգեն Յուրիի Մինասյանը, որը Մետրոպոլիտենի աշխատակից է, տպավորություն է ստեղծվում, թե ընկերությունը ստեղծվել է Մետրոպոլիտենում տարածքներ վարձակալելու նպատակով։
Ընկերության ստեղծման պահին դրա բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում էր Նուբարաշեն վարչական շրջանի այժմյան ղեկավար Թելման Թադևոսյանին։ Այնուհետև բաժնեմասերի 50 տոկոսը օտարվել է Գուրգեն Մինասյանին, սակայն էլեկտրոնային ռեգիստրում նշված չէ, թե երբվանից է Մինասյանը բաժնետեր դարձել։ Գուրգեն Յուրիի Մինասյանը 2008-ից առ այսօր աշխատում է Երևանի Մետրոպոլիտենում և այժմ զբաղեցնում է մարկետինգի և պայմանագրային բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
2018 թ․ հուլիսին Թելման Թադևոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասը օտարել է Երեմ Գևորգի Բադեյանին։
Հետաքրքիր է, որ Թելման Թադևոսյանի պաշտոնական կենսագրությունում «Զարա» ՍՊԸ-ի մասին որևէ հիշատակում չկա։
«Դիադին» ՍՊԸ
«Զարա» ՍՊԸ-ի բաժնեմասերի կեսը տնօրինող Երեմ Բադեյանի հայրը՝ Գևորգ Բադեյանը, 2012-ից հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը։ Այս ընկերությունը 2012-ից մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումի ավելի քանի 130մ² տարածքի վարձակալն է։
Ըստ պայմանագրի՝ նշված տարածքի համար որպես վարձակալության վճար սահմանվել է մոտ 262 հազար դրամ, այսինքն՝ 2000 դր/մ², և սա այն դեպքում, երբ 2011 թ․ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կողմից սահմանված սակագներում այս կայարանի համար նախատեսված վարձակալության նվազագույն վճարը 3500 դր/մ² է (չհաշված նկուղը)։
Ստացվում է, որ «Դիադին» ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալական պայմանագիրը կնքվել է տնօրենների խորհրդի որոշմամբ սահմանված վարձակալական վճարներից էականորեն ցածր գներով, ինչի արդյունքում Մետրոպոլիտենը զրկվել է մի քանի միլիոնի հասնող եկամտից։
Մետրոպոլիտենի ու Հանրապետական կուսակցության կապը։
2005 թ․ հուլիսի 27-ին Տնօրենների խորհուրդը Բաղրամյան 76 հասցեում գտնվող ընկերության կապի շենքի 54,4մ² տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Վարձակալության գին է սահմանվել 2000 դր/մ²։ Մեկ տարի անց՝ 2006-ին, տնօրենների խորհուրդը մեկ այլ որոշմամբ ՀՀԿ-ին հատկացված տարածքի վարձավճարը կիսով չափ նվազեցրել է և որպես հիմնավորում ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության 2006 թ․ դեկտեմբերի 5-ի N14/05-1176 գրությամբ ներկայացված առաջարկությունը։ Այսպիսով, սկսած 2007 թ․ հունվարի 1-ից, Մետրոպոլիտենի կապի շենքում ՀՀԿ-ին հատկացված 54,4մ² տարածքի համար սկսել է կիրառվել 1000 դր/մ² սակագինը: Փաստացի՝ Հանրապետական կուսակցությունը Բարեկամություն մետրոյի հարակից տարածքում 54,4մ² տարածքի համար տարիներ ի վեր վճարել է ընդամենը 54,400 դրամ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ էր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը Մետրոպոլիտենին առաջարկել ՀՀԿ-ի համար հատկացված տարածքի համար նախատեսված սակագինը նվազեցնել, սակայն քաղաքապետարանից հայտնեցին, որ փաստաթուղթը ոչնչացվել է՝ որպես գիտա-պատմական արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետն էր Երվանդ Զախարյանը։
Հանրապետականի շտաբն ու Մետրոպոլիտենի աշխատակիցները
Արթուր Խուրշուդյան
Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի որոշմամբ ՀՀԿ-ին հատկացված տարածքի տնօրինող Արթուր Խուրշուդյանն այս տարվա հունվարին հանդես էր եկել մամուլի ասուլիսով և մեղադրել Մետրոպոլիտեի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին՝ «իր սեփական տարածքը» ձեռքից խլելու համար։ Խուրշուդյանն աշխատում էր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գ» մասնաճյուղում՝ որպես գլխավոր ինժեներ։
Արթուր Խուրշուդյանը 1995-ից հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ, Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Սրանով է բացատրվում այն, որ հենց նա էր փաստացի տնօրինում Մետրոպոլիտենի կողմից ՀՀԿ-ին հատկացված տարածքը և համարվում էր դրա պատասխանատուն։ Վերջինս հայտնի է համապետական ընտրություններին ակտիվ դերակատարմամբ, մասնավորապես՝ լրագրողների, դիտորդների ու հանձնաժողովների աշխատանքները խոչընդոտելով և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին սպառնալով։ Արթուր Խուրշուդյանի մասին հանրությանն ավելի հայտնի դարձավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, երբ վերջինս, լինելով Բաղրամյան 76 հասցեում տեղակայված 5/28 տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը, խոչընդոտել էր «Հետքի» թղթակցի աշխատանքը՝ խլելով լրագրողի համակարգիչը։
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, և Արթուր Խուրշուդյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
Ի դեպ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Խուրշուդյանի կողմից Յայլոյանների հասցեին հնչեցրած խոսքերի համար Փայլակ և Արտակ Յայլոյանները դիմել էին դատարան՝ պատիվը և արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող հայտարարությունը հերքելու և բարոյական վնասի հատուցման պահանջով։
Արդյունքում դատարանը վճռել էր հօգուտ Յայլոյանների Արթուր Խուրշուդյանից բռնագանձել 2 միլիոն դրամ, ինչպես նաև պարտավորեցրել վերջինիս հերքել մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մեղադրանքները, այն է` կաշառք ստանալը, պետական միջոցները մսխելը, պաշտոնական դիրքը չարաշահելը, հարկեր թաքցնելը, ինքնիրավչությունն ու այլ հանցագործությունները։
Արտակ Երեմյան
Մետրոպոլիտենի մեկ այլ աշխատակից՝ իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին 5/38 տեղամասում հանդիսանում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված հանձնաժողովի նախագահը։
Հանրաքվեի ժամանակ վերջինս կեղծել էր ընտրությունների արդյունքները, որի հետևանքով Արտակ Երեմյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, այն է` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի շտեմարանից տեղեկանում ենք, որ 2016 թ․ մայիսի 20-ին դատարանը Արտակ Երեմյանին մեղավոր էր ճանաչել, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։
Այս հանգամանքը չէր խանգարել, որ Երեմյանը շարունակեր հանդես գալ որպես Փայլակ Յայլոյանի լիազոր ներկայացուցիչը և վարձակալությամբ տրամադրեր Մետրոպոլիտենի տարածքները տասնյակ տնտեսվարողների։
Արտակ Երեմյանը 2018 թ․ մայիսի 15-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այսպիսով, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ղեկավարությունը տարիներ շարունակ Մետրոպոլիտենի տարածքները տնօրինել է ոչ բարեխիղճ. վարձակալության պայմանագրերում առկա են շահերի բախման ռիսկեր, իսկ Հանրապետական կուսակցության հետ կնքված պայմանագրերով Մետրոպոլիտենը, փաստացի, զրկվել է միլիոնավոր դրամների եկամտից։