Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) լրատվական yerkir.am կայքը հրապարակել է «ՀՅԴ և Փաշինյան. սփյուռքյան հանրահավաքների համեմատականը» գլխագրով մի հոդված, որում համեմատություններ են անցկացվում սեպտեմբերի 29-ին Բեյրութում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված միջոցառման և սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի միջև։
Այսպես, հոդվածում պնդում է կատարվում, որ Բեյրութում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել է 8,000 լիբանանահայ այն դեպքում, որ Բեյրութի հայ համայնքի թիվը 30,000 է։ Այսինքն, փառատոնին մասնակցել է Բեյրութի հայ բնակչության 27%-ը: Այս թվերը հոդվածում համեմատվում են Լոս Անջելեսում տեղի ունեցած Փաշինյանի հանրահավաքի հետ։ Հոդվածագիրը պնդում է, որ Կալիֆոռնիայում բնակվում է 1,000,000 հայ, իսկ Փաշինյանի հրավիրած հավաքին մասնակցել է ընդամենը 10,000 ամերիկահայ՝ 1%-ը։
Կալիֆոռնիայի հայ բնակչության թիվը
Fip.am-ը արդեն անդրադարձել է Կալիֆոռնիայում բնակվող հայերի քանակին և պարզել, որ 1,000,000-ը «օդից վերցրած» թիվ է, և պաշտոնական տվյալներով նահանգում բնակվում է 270,022 հայ, որից 201,814-ը Լոս Անջելեսի շրջանում։ Նույնիսկ հայկական կազմակերպությունների տվյալներով հայերի թիվը Կալիֆոռնիայում չի անցնում 700,000-ը, իսկ ըստ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության՝ 500,000 հայ է բնակվում ԱՄՆ՝ բնակչությամբ ամենամեծ նահանգում։ Սրանցից ամենավստահելի տվյալը, այնուամենայնիվ, պաշտոնական թվերն են։
Անհասկանալի է նաև, թե ինչու է բերվում ամբողջ Կալիֆոռնիայի հայկական բնակչության թիվը, քանի որ հավաքը Լոս Անջելեսում էր, իսկ Կալիֆոռնիան ԱՄՆ երրորդ ամենամեծ նահանգն է և դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է, օրինակ, Սան Ֆրանցիսկոյից հայեր մասնակցեին այդ հավաքին, այլ ոչ թե Լաս Վեգասից, որը գտնվում է Նևադա նահանգում և ավելի մոտ է գտնվում Լոս Անջելեսին, քան Կալիֆորնիայում գտնվող Սան Ֆրանցիսկոն։ Այսպես, եթե վերցնենք Լոս Անջելեսի շրջանի հայ բնակչության թիվը՝ 200,000, ապա Փաշինյանի հավաքին մասնակցած 10,000 մարդը Լոս Անջելեսի հայ բնակչության մոտ 5%-ն է։
Հայերը Լիբանանում
Ինչ վերաբերում է Լիբանանի հայ համայնքին, ապա այնտեղ չկան պաշտոնական տվյալներ, քանի որ Լիբանանում մի քանի տասնամյակ առաջ է մարդահամար անցկացվել։ Տարբեր գնահատականներով, լիբանանահայության թիվը մոտավորապես 53,000—80,000 է։ Այսինքն, նույնիսկ ամենացածր գնահատականը 53,000 է։ Լիբանանահայերի գերակշռող մասը բնակվում է Բեյրութում և դրա արվարձաններում (Անթիլիասում, օրինակ), և փոքր թվով հայեր են բնակվում Լիբանանի այլ մասերում, մասնավորապես՝ Այնճար գյուղում։ Ավելին, Լիբանանը տարածքով ավելի փոքր է, քան Լոս Անջելեսի շրջանը։
ՀՅԴ-ն Լիբանանում և ՀՀ իշխանությունների ռեսուրսները Կալիֆոռնիայում
Հոդվածագիրը պնդում է նաև, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում հանրահավաքի կազմակերպման համար ՀՀ իշխանությունները «ներդրել են բոլոր ռեսուրսները», այնինչ Բեյրութում կայացած հավաքը «նախաձեռնել էր ՀՅԴ Լիբանանի Հանրային կապերի մարմինը»։
Պետք է նաև հաշվի առնել, որ Դաշնակցությունը Լիբանանում բավականին ուժեղ հիմքեր ունի և կայացած հասարակական-քաղաքական կառույց է։ Այն ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։ ՀՅԴ-ն Լիբանանի 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ունի երեք պատգամավոր և իշխող կոալիցիայի մաս է կազմում։
Այնինչ, Լոս Անջելեսում Հայաստանի իշխանությունների միակ «լծակը» հյուպատոսությունն է՝ մի քանի աշխատակցով։
Ըստ այդմ, yerkir.am կայքում հրապարակված հոդվածում մանիպուլյատիվ թվեր են ներկայացվում մեկ նպատակով՝ ցույց տալու, թե իբր ՀՅԴ հավաքը Բեյրութում շատ ավելի հաջող էր, քան Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Լոս Անջելեսում։ Կալիֆոռնիայի հայերի թիվը միտումնավոր իրականից մի քանի անգամ ավել է նշվել, իսկ լիբանանահայերի թիվը միտումնավոր նվազ է նշվել, որպեսզի տպավորություն ստեղծվի ՀՅԴ հավաքի հաջողված լինելու և Փաշինյանի հավաքի ոչ հաջողված լինելու մասին։
Հովհաննես Նազարեթյան