WarGonzo տելեգրամյան ալիքը փետրվարի 24-ին տեղեկություն է տարածել, որ ռուսական բանակը գրավել է Խարկովը, և «համապատասխան» լուսանկար հրապարակել:
Իրականում, Հայաստանի լրատվական դաշտում ժամանակ առ ժամանակ ակտիվացող, 44-օրյա պատերազմի ընթացքը ակտիվորեն լուսաբանած Սեմյոն Պեգովի WarGonzo ալիքը կեղծ տեղեկություն է տարածել․ լուսանկարն արվել է 2014 թվականի իրադարձությունների ժամանակ:
Հատկանշական է, որ WarGonzo-ն կարճ ժամանակ անց ջնջել է նկարը, սակայն գրառումը հասցրել է դիտել շուրջ 100 հազար օգտատեր, և այն տարածվել է բազմաթիվ կայքերում, այդ թվում՝ հայաստանյան մեդիայում՝ օրինակ, auroranews.am, mamul.am կայքերում։
2014 թվականի ճգնաժամի ընթացքում տեսանկարահանված կադրում երևում է, որ քողարկող համազգեստով (կամուֆլյաժով) տղամարդը ռուսական դրոշ է կախում Խարկովի քաղաքային վարչական շենքի վրա:
Պեգովի տարածած նկարում երևացող մյուս տղամարդը նույնպես երևում է ռուսական լրատվամիջոցների՝ 2014 թվականին տարածած լուսանկարներում:
Այսպիսով, հայաստանյան մեդիադաշտի վրա որոշակի ազդեցություն ունեցող տելեգրամյան WarGonzo ալիքը կեղծիք է տարածում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձում հայտարարել է մեկնարկած գործողություններով Ուկրաինայի «ապառազմականացման և ապաազգայնացման անհրաժեշտության» մասին: Թիրախավորվել են երկրի խոշոր քաղաքները և ռազմավարական օբյեկտները:
Լուսինե Ոսկանյան
Նարեկ Մարտիրոսյան