Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Փաստերի ստուգման հարթակը» «ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա» վերնագրով նյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ընտրական գործընթացների վրա ազդելու դեպքի մասին։
Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» է դիմել ՕԵԿ անդամ Լուսինե Ջանոյանը, որը պատմել է, որ ինքն ու իր մայրը՝ Էլիզա Ջանոյանը, «Օրինաց երկրից» նշանակված են եղել համապատասխանաբար 9/22 և 9/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Սակայն հետո, կուսակցության՝ Երևանի ավագանու համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Լիանա Մանուկյանը (հասարակությանը հայտնի է Ազատության հրապարակում իր էպիկ ելույթով) իրենց կանչել և պահանջել է հանձնաժողովի անդամի 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց «10 ձայն բերել» կամ ինքնաբացարկ հայտնել, որ այդ գումարը ստանան կուսակցության համար «ձայն բերողները»: Ջանոյանները հրաժարվել են քարոզչություն իրականացնել «Օրինաց Երկրի» համար, տվել են ինքնաբացարկի դիմումները և անգամ, ըստ իրենց, դուրս են եկել կուսակցությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ մեր հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։
«․․․Նկատի ունենալով, որ նյութերում առևերույթ առկա են ընտրական իրավունքի և ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին ամսով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներ, և որ բոլոր քրեական գործերով նախաքննությունը պարտադիր է, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 175-176-րդ, 181-292-րդ 187-րդ, 190-րդ, 192-րդ հոդվածներով․
Որոշեցի
- Ընտրական իրավունքի և ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին ամսնով հարուցել քրեական գործ։
- Քրեական գործն ընդունել վարույթ և ձեռնարկել նախաքննություն։
- Որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և համացանցի <SUT.am> կայքի խմբագրություն։
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար՝ Է․Ռ․ Սիրականյան»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am—ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։