Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։
Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով հայտարարել էր մրցույթ, որին մասնակցել էր 26 շինարարական կազմակերպություն։
Հաղթող էր ճանաչվել «Մեծ հիմք» ընկերությունը, որի հետ ստորագրվել էին 103 մլն դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրեր։ «Մեծ հիմք» ընկերությունը, սակայն, ոչ միայն չէր կարող հաղթել այդ մրցույթում, այլև դրան մասնակցելու իրավունք անգամ չուներ։ Ընկերությունը ներառվել էր մինչ 2020 թվականը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Հրապարակումից անմիջապես հետո տեղեկությունը փոխանցել էինք նաև Ազգային անվտանգության ծառայության համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրելու խնդրանքով։
Որոշ ժամանակ անց, արդեն քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից պաշտոնապես տեղեկացանք, որ քաղաքապետարանը, խորհրդակցելով Ֆինանսների նախարարության հետ, եկել է եզրահանգման, որ պայմանագրերը կնքվել են խախտումներով։ Ուստի դրանք միակողմանի լուծարվել են կառավարության 2017 թվականի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետով։ Չեղարկված բոլոր պայմանագրերի մասով հայտարարվել են գնման նոր ընթացակարգեր։ Դրանց մի մասով կնքված են նոր պայամանագրեր, և մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները մեկնարկել են։
Ռաֆայել Աֆրիկյան