Օգոստոսի 2-ին Ռուսաստանում տոնում են ռազմաօդային դեսանտի զորքերի (ВДВ) օրը: Տոնի խորհրդանիշներն այդ զորքերի կապտականաչ դրոշն ու «Փողփողում է կապույտը» երգն են, բայց հասարակության մեջ այս տոնն ավելի հաճախ ասոցացվում է շատրվաններում լողացող դեսանտայինների, ձմերուկներ ջարդելու նրանց ձևավորած ավանդույթի և անխուսափելի ծեծկռտուքների ու բռնությունների հետ: Վերջինից խուսափել չհաջողվեց նաև այս տարի, ավելին՝ միջադեպերից մեկը տեղի ունեցավ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում:
«Արտակարգ պատահար» «НТВ»—ում
Մինչ դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Արտակարգ պատահար» (ЧП) հաղորդման լրագրող Նիկիտա Ռազվոզժաևը կհասցներ Մոսկվայի Գորկու անվան պուրակից, որտեղ ավանդաբար դեսանտայինները տոնում են իրենց մասնագիտական օրը, պատմել, թե ինչպես է անցնում տոնակատարությունը, ուղիղ եթերում հայտնվեց մի տղամարդ` հայհոյանքներ և Ուկրաինան գրավելու սպառնալիքներ հնչեցնելով:
«Ի~մ երկիրը… Ուկրաինան կգրավե~նք…», — գոռում էր տղամարդը` ավելացնելով անհասցե, ինչպես նաև լրագրողի հասցեին հնչող հայհոյանքներ [Տեսնյութը` 7:40-ից]:
Ի պատասխան լրագրողի նրան ուղղված լռելու խնդրանքին՝ տղամարդը բռունցքով հարվածում է նրան, ինչից հետո «НТВ»-ն դադարեցրեց ուղիղ եթերի հեռարձակումը Գորկու անվան պուրակից: Հեռուստաընկերության հաղորդմամբ` ուղիղ եթերի ընդհատումից հետո տղամարդուն տեղափոխել են ոստիկանություն: Տեղի ունեցածից րոպեներ անց միջադեպի տեսագրությունը սկսեց տարածվել նաև համացանցում:
«Ոչ ոք մեզնից բացի»
Ռուսական էլեկտրոնային գրեթե բոլոր լրատվականներն անդրադարձ կատարեցին դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած միջադեպին: Դրանցից շատերի համար հստակ լսելի էր եղել տղամարդու` Ուկրաինան գրավելու սպառնալիքները: Ռուսական ռազմաօդային դեսանտի զորքերի օրվա հայտնի նշանաբանը «Ոչ ոք մեզնից բացի»-ն է: Հավանաբար տոնական օրվա կոչին համահունչ` «Ոչ ոք մեզնից բացի» տրամաբանությամբ, ռուսական «Russia Today» հեռուստաընկերությունը ռուսական քարոզչամեքենային բնորոշ ոճով որոշեց լսել «այն, ինչ չեն լսում ուրիշները» և պատրաստած տեսանյութի մեջ պատմում է, որ լրագրողին հարվածած տղամարդը հայտարարել է, իբր Ռուսաստանը գրավել է իր երկիրը և այդ պատճառով է հարձակվել ռուս լրագրողի վրա:
«Russia Today»-ի ռեպորտաժում որպես միջադեպի պահին աշխատող օպերատոր ներկայացող անձը պատմում է, որ խմած տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին:
«Մենք ուղիղ եթերում նկարահանում էինք թղթակցին և նկարահանման ժամանակ մի մարդ մտավ կադր՝ հայհոյելով գոռաց Ռուսաստանը …պի—պի—պի.., քանի որ այն գրավել է իմ երկիրը… հարվածեց թղթակցի դեմքին և պարզապես գնաց», — պատմում է հեռուստաօպերատորը:
Մինչդեռ, տեսագրության մեջ, հատկապես դրա ոչ գրաքննված տարբերակում, հստակ լսվում է, որ հայհոյանքներն ուղղված չեն Ռուսաստանին և ինչպես հաճախ «Russia Today»-ի պատմածն իրականության հետ որևէ կապ չունի:
«Ռուսաստանին հայհոյողը» մոսկվացի պատրիոտ է
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողի վրա հարձակում գործած անձը 32-ամյա մոսկվայաբնակ Ալեքսանդր Օրլովն է: ՌԴ ՆԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ռազմաօդային դեսանտի զորքերի հետ նա կապ չունի:
Հայտնի է նաև, որ 32-ամյա տղամարդը «Վկոնտակտե» սոցիալական կայքում գրանցված է որպես «Կոլոբոկ Յարոսլավկին» (Колобок Ярославкин): Նրա էջն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել ռուս ազգայնական և հակաուկրաինական գրառումների, ինչպես նաև ռուսական «Russia Today» հեռուստաընկերությունից տարածած տեսանյութերի, որն էլ տեղի ունեցած իրադարձությունը կրկին ներկայացրեց ոչ թե այնպես ինչպես կա, այլ ինչպես ձեռնտու է ռուսական քարոզչամեքենային: