2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք ուղարկել Խախտումների արձանագրման կենտրոն, որտեղ էլ դրա հիման վրա վարչական տույժ նշանակելու որոշումներ էին կայացվում։
Սակայն վերջին ամիսներին հավելվածով արձանագրված խախտումներով այլևս վարչական վարույթ չի հարուցվում։
Բայց սկսենք սկզբից։
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ օրենքում 2019 թվականին կատարված փոփոխություններով սահմանվեց, որ վարչական վարույթներ կարող են հարուցվել նաև հատուկ բջջային հավելվածի միջոցով արձանագրված խախտումների հիման վրա։
Ավելի քան 2 տարի անց Ճանապարհային ոստիկանությանը հաջողվեց բջջային հավելվածի ստեղծման նպատակով պայմանագիր կնքել «Էլիպս Ջի Էյ» ընկերության հետ։ Պայմանագրի գինը կազմում էր 1․8 մլն դրամ, իսկ հավելվածի գործարկումից հետո արդեն, ըստ նույն պայմանագրի, յուրաքանչյուր ամսվա վերջում հավելվածի միջոցով կազմված իրավախախտումների արդյունքում գանձված գումարի 27․8 տոկոսը ևս փոխանցվում էր ընկերությանը։
Կնքված պայմանագրի համաձայն, ընկերության պարտավորությունների մեջ էր մտնում հավելվածի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտման մասին որոշման պատրաստումն ու տրամադրումը Ճանապարհային ոստիկանությանը։
Սակայն 2024 թ․ ապրիլի 5-ին ու մայիսի 1-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո (խոսքը roadpolice.am կայքում բաժանորդագրվելու դեպքում նշանակված տուգանքից 20 տոկոսով ավելի պակաս վճարելու մասին է-հեղ․) փոփոխվել են նաև վարչական ակտի ձևն ու նմուշը։ Ոստիկանությունից դրանք կրկին ուղարկվել են կազմակերպությանը և տեղեկացրել, որ ապրիլի 5-ից սկսած կատարված իրավախախտումներով վարչական տույժ նշանակելու մասին որոշումների նախագծերը կազմվեն փոփոխված ձևին ու նմուշին համապատասխան։
Սակայն ընկերությունը չի կատարել այս պահանջը, ինչի հետևանքով որոշումների նախագծերը շարունակել են ուղարկվել նախկին ձևին ու նմուշին համապատասխան, որոնք էլ Ճանապարհային ոստիկանության կողմից չեն հաստատվում։
Այսինքն, հավելվածը մոտ 3 տարի գործարկվելուց հետո այժմ փաստացի դադարել է աշխատելուց։
Ստորև Road Control հավելվածի միջոցով արձանագրված իրավախախտումների թիվն է՝ ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն.
Ըստ կիսամյակների, արձանագրված իրավախախտումների թվերը ցույց են տալիս, որ հավելվածը, ըստ էության, նորմալ աշխատել է միայն 2022-ի երկրորդ կիսամյակում և 2023-ի առաջին կիսամյակում։ Հակառակ դեպքում նման կտրուկ տարբերություններ չէին լինի։
Իսկ 2024 թվականի ցուցանիշը ևս մեկ անգամ վկայում է, որ հավելվածն այս տարի գրեթե չի աշխատել։
Իր գործարկման 3 տարիների ընթացքում հավելվածի միջոցով արձանագրվել է 14,331 որոշում։ Եվ եթե յուրաքանչյուր արձանագրված իրավախախտման համար ընդունենք նվազագույնը 5000 դրամ վարչական տույժը, կստացվի, որ հավելվածը ստեղծող ընկերությունն այս երեք տարիների ընթացքում ստացել է մոտ 20 մլն դրամ գումար։
Այսպիսով, Ոստիկանության կողմից պատվիրված հավելվածը գործել է շուրջ 3 տարի։ Այդ ընթացքում դրա միջոցով արձանագրվել է մոտ 14,300 իրավախախտում, ստեղծող կազմակերպությունը ամենակոպիտ հաշվարկներով վաստակել է մոտ 20 մլն դրամ, ու այժմ կանգնած ենք նույն կետում, ինչ 3 տարի առաջ։
Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացրին, որ սկսել են «Էլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց։
Սևադա Ղազարյան