Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Ն․Գ․ պարոն Էդվարդ Նալբանդյանի «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հայտարարությանը, հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի տարածքների Ադրբեջանին փոխանցելու ռազմական հետևանքները» վերնագրով վերլուծություն, որի հեղինակ Լեոնիդ Ներսիսյանը, խեղաթյուրել է Նալբանդյանի խոսքերը՝ վերջինիս վերագրելով այլ իմաստ։
Այդ վերլուծությունում մասնավորապես ասված է․ «Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունը, բայց միայն այն տարածքները, որոնք չեն ազդի Ղարաբաղի անվտանգության և բանակցային գործընթացի վրա» ։
Գրվածի հատկապես վերջին մասից (չի ազդի բանակցային գործընթացի վրա) այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ըստ Հայաստանի ԱԳ նախարարի տարածքների զիջումը նախատեսվում է կատարել բանակցային պրոցեսից դուրս՝ ուղղակի։
Իրականում, սակայն, Նալբանդյանը խոսել է Արցախյան հարցի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված դրույթների մասին՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն՝ (տես 54։00-ից ), մանրամասնելով դրանցից ամեն մեկի էությունը։ Վերջինիս մասով (տարածքային ամբողջականություն), իրոք նախատեսվում է որոշակի տարածքներ զիջել, սակայն դա բանակցային ամբողջական փաթեթի մաս է կազմում։
Ավելին, նախարարը տարածքների վերադարձի դրույթին, ըստ էության, հավելյալ պահանջ է բարձրացրել։ «Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է լինի կապ, դա անվտանգ կապ պետք է լինի, որպեսզի այն զենքը, որն այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա օգտագործի և այդ անվտանգությունը հարցականի տակ դնի», — հավելել է նախարարը։
Նյութի հեղինակը, սակայն, շրջանցելով այս ամենը, վերլուծությունը կառուցել է հենց տարածքների վերադարձի մասով` այն դիտարկելով հիմնահարցի լուծումից անկախ: