«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասին մամուլում բավականին քիչ տեղեկություններ կան։ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Սաղաթելյանին են պատկանել/պատկանում panorama.am և aysor.am կայքերը, որոնց որոշ աշխատակիցներ աշխատել են նաև Սաղաթելյանի ղեկավարած ՊՈԱԿ-ում, իբրև խորհրդական, օգնական, իսկ որոշ դեպքերում՝ որպես Սաղաթելյանի անձնական վարորդ։
ՊՈԱԿ-ի և մամուլի կապը, սակայն, չի սահմանափակվում միայն panorama.am և aysor.am կայքերով: Այս նույն հիմնարկում է աշխատել նաև razm.info կայքի անձնակազմը։
Կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, օրինակ, զբաղեցրել է ՊՈԱԿ-ի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, իսկ մի շարք լրագրողներ՝ այլ հաստիքներ։
Razm.info-ի դրամական միջոցների մասին տեղեկությունը բաց աղբյուրներում սուղ է, հատնի է միայն, որ ժամանակին կայքը աջակցություն է ստացել Գյումրու ռուսական ռազմաբազայից։
Հատկանշական է, որ կայքի լրագրողները զբաղեցրել են ՊՈԱԿ-ի «Կրթական, տեղեկատվական և հատուկ նախագծերի ծառայության» բաժնի մասնագետների հաստիքները։
Օրինակ, Razm.info-ի լրագրող Ն.Ս.-ն սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Վերջինս, սակայն, ինչպես մեզ հաջողվել է պարզել, այս տարվա մայիսի 1-ի դրությամբ գրանցված է եղել նաև ՊՈԱԿ-ում և աշխատավարձ ստացել ՀՀ պետական բյուջեից։
Իրավիճակը նույնն է նաև razm.info-ի մյուս երկու լրագրողների պարագայում. Մ.Ա.-ն և Հ.Խ.-ն ևս զբաղեցրել են ՊՈԱԿ-ի «Կրթական, տեղեկատվական և հատուկ նախագծերի ծառայության» բաժնի մասնագետների հաստիքները, թեպետ աշխատել են մասնավոր լրատվական կայքում։ Իսկ Ժ.Վ.-ն և Վ.Մ.-ն, որոնք նախկինում թղթակցել են կայքին, զբաղեցրել են ՊՈԱԿ-ի ավագ մասնագետների հաստիքները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոգրյալ անձանց մեծ մասը դեռևս ուսանողներ են և դժվար թե ուսումից զատ կարողանային աշխատել ոչ միայն լրատվական կայքում, այլև պետական կարևոր օղակներից մեկում, կարելի է ենթադրել, որ վերջիններս ՊՈԱԿ-ում որևէ իրական գործառույթ չեն էլ ունեցել։ Վերջիններս, հավանաբար (նույնիսկ տեղյակ չլինելով), razm.info կայքում աշխատելու դիմաց վարձատրվել են ՀՀ պետական բյուջեից։
Երևույթը մտահոգիչ է նաև լրագրողական էթիկայի և անկախության տեսանկյունից։ Կասկածներ է հարուցում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ լրատվական գործունեություն իրականացնող անձի անաչառությունը որոշակի թեմաներ լուսաբանելիս, որոնք կարող են շահերի բախման ռիսկեր պարունակել։
Ռաֆայել Աֆրիկյան