Politik.am կայքը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին նյութ է հրապարակել, որտեղ վերջինիս մեղադրում է մարդկային որակներ և մասնագիտական էթիկա չունենալու մեջ։
«360 երեխայի մահը նորմալ երևույթ է»` առողջապահության նախարար Արսեն Թորոսյան վերնագրով և նախարարի լուսանկարով այս նյութը ակտիվ տարածվում է համացանցում։
Նյութի հեղինակը պնդում է, որ Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։ Այնուհետև հավելում՝ նախարարի այս խոսքերը լուրջ դժգոհություններ էին առաջացրել հասարակության շրջանում և նա միջնորդել էր, որպեսզի բոլոր լրատվամիջոցներից հեռացնեն իր խոսքը։ «Փաստորեն նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ նաև չունի պարզ մարդկային որակներ», — եզրափակել է նյութի հեղինակը։
Իրականում, սակայն, նախարարը երբեք նման արտահայտություն չի արել, իսկ հարցազրույցը, որը ըստ հեղինակի իբրև հեռացվել է համացանցից, ազատ տեղադրված է համացանցում։
Նկատենք, որ հարցազրույցը 1 ամիս վաղեմության է, որտեղ նախարարը, խոսելով մանկական մահացությունների մասին վստահեցրել է, որ այդ դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են։
«Ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է, դրանք հիմնականում, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասել է նախարարը:
Ռաֆայել Աֆրիկյան