«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի մասին՝ դրա հեղինակ «Ժողովրդի ուժը» շարժման հայտարարությունը, թե նախագիծը հիմնականում կազմված է ԱՄՆ-ում գործող համապատասխան օրենսդրության համաձայն. հաշվի է առնված այլ ժողովրդավարական երկրների լավագույն փորձը: Սակայն ըստ վրաստանցի փաստեր ստուգողների՝ դա մանիպուլյացիա է: ԱՄՆ-ն ընդունել է «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» (FARA) 1938 թվականին՝ ի պատասխան արտաքին քարոզչության և քաղաքական դիվերսիայի՝ հատկապես նացիստական աղբյուրներից։ Հարկ է նշել նաև, որ FARA-ի օգտագործման անհրաժեշտությունը շատ հազվադեպ է առաջացել, և հիմնական դեպքերը կապված են եղել քաղաքական լոբբինգի և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ։
Vox-ի ուկրաինական ծառայության փաստեր ստուգողների թիմն ուսումնասիրել է ռուսական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունը, թե Կիևի իշխանությունները Խերսոն քաղաքում իրականացնում են բժիշկների հարկադիր տարհանում: Սակայն ուկրաինացի փաստեր ստուգողները, հղում անելով այդ պահին Խերսոնում գտնվող անձանց, գրել են, որ տեղեկությունը սխալ է: Թեև շատ բնակիչներ ինքնակամ լքում են քաղաքը, բժիշկները չեն հեռանում: Ավելին՝ ուկրաինական այլ քաղաքներից բժիշկներ են ժամանել Խերսոն:
Ռուսաստանյան provereno.media-ն ուսումնասիրել է ռուսական լրատվամիջոցների ու բլոգերների տարածած լուրերը, թե Իսրայելի իշխանությունները մեծ տուգանք են սահմանել ուկրաինական խորհրդանիշներ օգտագործելու համար։ Իրականում տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման օրենք չկա, և մինչ այժմ ոչ ոք նույնիսկ նման առաջարկով չի հանդես եկել։ StopFake կայքին տված մեկնաբանությունում Ուկրաինայում Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ «Իսրայելը երբեք չի արգելել և չի արգելում Ուկրաինայի դրոշի ցուցադրումը»։
Աշխարհ
Բրիտանական Reuters գործակալության փաստեր ստուգող թիմն ուսումնասիրել է սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած տեղեկությունները, թե միլիարդատեր Ջորջ Սորոսը կորել է Ժնևում: Ըստ գրառումների՝ Սորոսը պետք է մասնակցեր մարտի 5-ին Ժնևում կայանալիք համաժողովին, սակայն չի ժամանել: Սակայն Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության խոսնակը Reuters-ին հայտնել է, որ Սորոսը մարտի սկզբին Ժնևում չի եղել և ոչ էլ նախատեսում էր այցելել այնտեղ: Տեղեկության սկզբնաղբյուրը թվիթերյան հումորային էջ է:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է համացանցում շրջանառվող տեսանյութը, որում, ըստ այն հրապարակածների, երևում է, թե ինչպես են ռուսական հրթիռները խոցում ՆԱՏՕ-ի կործանիչները Ուկրաինայում 2022 թվականին։
Nato sent their jet fighters & Helicopters to help Ukraine. As soon as they entered the border, they were attacked by the Russian missiles. Not a single one escaped. Only the Chinese media reported that news. pic.twitter.com/WFfpOlLRhh
— Mumtaz Abidi (@MumtazAbidi1) May 29, 2022
ՆԱՏՕ-ն, սակայն, մինչև այժմ կործանիչներ չի ուղարկել Ուկրաինա: Համացանցում տարածված տեսանյութը վերցված է վիդեո խաղերից:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը