«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) ստուգել է սոցցանցերում օգտատերերի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Նինոծմինդայի մանկատունը փակելու դիմաց Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հայկական կազմակերպություններից ստացել են 580 հազար եվրո: Ըստ վրաստանցի փաստերի ստուգողների՝ մեղադրանքը տարածվում է հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք հրահրելու նպատակով: Նինոծմինդայի պանսիոնատը հայտնվել էր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ 2021 թ.-ին բացահայտվել էին գիշերօթիկ հաստատությունում դաստիարակված երեխաների նկատմամբ բռնությունների փաստեր: 2021-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հեռացվեն Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից։ Նինո Լոմջարիայի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության եկամուտները հանրությանը հասանելի են․ Լոմջարիան, որպես հանրային պաշտպան, ամեն տարի հայտարարագրեր է լրացրել, իսկ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունն իր ֆինանսական եկամուտները ներկայացրել է Վրաստանի հեռահաղորդակցության հանձնաժողովին։ Ոչ մի արձանագրություն չկա, որ հայկական կազմակերպությունները գումար են տվել Formula-ին կամ Նինո Լոմջարիային: «Այս տեղեկատվության համար ոչ մի փաստական հիմք չկա, այս տեղեկատվության բովանդակությունը դավադիր է և նպատակ ունի հրահրել ազգամիջյան բախումներ»,- գրել է կայքը:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է սոցցանցերի ղազախական հարթակներում տարիներ շարունակ տարածված պնդումը, թե նախկինում Գեորգիևյան ժապավեններ են շնորհվել Միջին Ասիան նվաճողներին: «Սուրբ Գեորգի ժապավենը ստեղծվել է Եկատերինա Երկրորդի կողմից Ղրիմում թյուրքերի դեմ պատերազմի ժամանակ»,- գրել են օգտատերերը։
Ներկայումս ժապավենը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության տարած հաղթանակը:
Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ այդ պնդման մեջ կա և ճշմարտություն, և մանիպուլյացիա: 1769 թվականին Եկատերինա II-ը իսկապես սահմանել է Սուրբ Գեորգի շքանշանը և ուղեկցող Սուրբ Գեորգի ժապավենը՝ «երեք սև և երկու դեղին գծերով»։ 1913 թվականին ժապավենի դեղին գույնը փոխվեց նարնջագույնի։ Լիովին ճիշտ չէ պնդելը, որ Ռուսական կայսրությունը Եկատերինա II-ի օրոք կամ ռուս-թուրքական առճակատման որևէ այլ ժամանակաշրջանում պատերազմում էր ընդդեմ թյուրքերի։ Այդ պատերազմների հիմնական նպատակները կողմերից որևէ մեկի կողմից տարածքների գրավումն ու պահպանումն էին, այլ ոչ էթնիկ զտումները։
Ռուսական Проверено медиа-ն ստուգել է սոցցանցերի օգտատերերի տարածած տեղեկությունը, թե ՄԱԿ-ի անդամ երկրների դրոշների փոխարեն կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, ծիածանի դրոշներ են կախել:
Լուսանկարը վերցված է Վիքիպեդիայից և արվել է դեռևս 2019 թվականին, երբ Ռոքֆելլեր կենտրոնի դրոշակաձողերի վրա առաջին անգամ բարձրացվեցին ծիածանի դրոշները։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքին, ապա այն զարդարում են հենց 193 անդամ երկրների իրական դրոշները: Այսպիսով, շրջանառված տեղեկությունը կեղծ է։
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ուսումնասիրել է Թվիթերում և սոցիալական այլ ցանցերում տարածված՝ հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի նկարը իր փոխնակների հետ:
Պարզվել է, որ լուսանկարը կեղծ է, և այն ստեղծել է արհեստական բանականությունը: Նկարի սկզբնաղբյուրը ֆեյսբուքյան Midjourney Official էջն է, որի սեփականատերերը ընդունել են, որ նկարը ստեղծել են արհեստական բանականության միջոցով:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Պենտագոնը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պատահաբար, հաշվապահական սխալի պատճառով Ուկրաինա է ուղարկել 6.2 մլրդ դոլարի օգնություն: Պենտագոնն իրականում նման հայտարարություն չի արել, այլ ասել է, որ հաշվապահական սխալ է թույլ տվել՝ գերագնահատելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղարկված զենքի և այլ ռազմական աջակցության չափը 6․2 միլիարդ դոլարով, այսինքն՝ ԱՄՆ-ն գումարային արժեքով ավելի քիչ զենք է ուղարկել Ուկրաինա, քան հայտարարել է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը