«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը ստուգել էր տեղեկությունը, թե ռուսաստանյան բուհերի դիպլոմները չեն ընդունվում այլ երկրներում: Իրականում, իրոք, կրթական հավաստագրեր տրամադրող միջազգային կազմակերպությունները դադարեցրել են ՌԴ բուհերի անդամակցությունը, սակայն դա չի վերաբերում նախկինում ստացված դիպլոմներին, որոնք մնում են ուժի մեջ:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի այն հայտարարությունը, թե այդ երկիրը մշտապես հարգում է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները: Fakt Yoxla-ի փաստեր ստուգողները մի քան գործերի օրինակներով ցույց էին տվել, որ Ադրբեջանը միշտ չէ, որ կատարում է եվրոպական դատարանի ընդունած որոշումները, և եզրակացրել, որ Ասկերովի պնդումը սխալ է:
Թուրքական Teyit-ի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են համացանցում տարածված պնդումը, թե ռուս տիեզերագնացները մարտի 22-ի թռիչքի ժամանակ դեղին համազգեստ են հագել՝ ի նշան ուկրաինացիների հետ համերաշխության: Սակայն թուրք փաստեր ստուգողները պարզել էին, որ տիեզերագնացների համազգեստը մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ընտրվում է նախօրոք, և նրանք չէին կարող անհատական որոշում կայացնել: Բացի այդ, համազգեստի գույները «Ռոսկոսմոս» գործակալության գույներն են: Հետևաբար, տիեզերագնացները չէին կարող Ուկրաինային աջակցելու համար այդ հագուստը կրել:
Միջազգային
Մարտի 22-ին չինական Boeing 737-800-ի կործանումից հետո սոցցանցերում սկսվեց տարածվել տեսանյութ, որն իբրև թե ներկայացնում էր ինքնաթիռի կործանման պահը:
A Boeing 737 plane of China Eastern Airlines crashed, and a video surveillance video of a mining area spread on the Internet showed that the plane plunged vertically to the ground without any lift. pic.twitter.com/ORr4LOD4z4
— 凱文杜 (@DechengDu) March 21, 2022
Բրիտանական Reuters-ը ստուգել է տեսանյութի իսկությունը և պարզել, որ այն անիմացիա է և վերարտադրում է 1997 թ.-ին կործանված մի ինքնաթիռի ընկնելու պահը:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է մի հոդված, ըստ որի՝ տեղեկություններ են հայտնաբերվել, թե «Մոդեռնա» ընկերությունն է ստեղծել COVID-19-ի վիրուսը:
Նշվում է, որ հայտնաբերվել է կոդերի համընկում՝ COVID-19 վիրուսում և «Մոդեռնայի» կողմից արտոնագրված՝ սինթետիկ գեների հաջորդականության մեջ: Սակայն մասնագետները նշել են, որ նման համընկնումները շատ հավանական են և որևէ կերպ չեն ապացուցում, որ «Մոդեռնան» է ստեղծել COVID-19-ի վիրուսը:
Հոդվածի հեղինակները ոչ մի այլ ապացույց չէին ներկայացրել ի հաստատումն իրենց պնդման: Politifact-ը եզրակացրել է, որ այդ պնդումը կեղծ է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը