«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիայի հայտարարությունը, թե վերջին 16 ամսում Ռուսաստանի քաղաքացիները 10 հազար բնակարան են գնել Վրաստանում: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ պնդումը մեծամասամբ ճիշտ է: 2022 թվականի ընթացքում Ռուսաստանի 4520 քաղաքացի գնել է 6062 բնակարան, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի 1679 քաղաքացի՝ 2187 բնակարան։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի ապրիլը Ռուսաստանի քաղաքացիները գնել են 8249 բնակարան, ինչը կազմում է օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված բնակարանների ավելի քան 41%-ը և գերազանցում է բոլոր մյուս երկրների քաղաքացիների կողմից գնված գույքը։
Ռուսական Provereno.media-ն ստուգել է համացանցում տարածված պնդումները, թե հայտնի շախմատիստ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը, 2011-ին ելույթ ունենալով Վաշինգթոնում, կոչ է արել Արևմուտքին ռմբակոծել Ռուսաստանը: Կասպարովն իսկապես ելույթ է ունեցել ԱՄՆ մայրաքաղաքում 2011 թ.-ին և իսկապես ՌԴ ղեկավարության հետ ավելի կոշտ վարվելու կոչ է արել: Սակայն նա հայտարարությունն արել է ոչ թե ռազմական համատեքստում, այլ տնտեսական: Կասպարովը, մասնավորապես, նշել է. «Ինչպես ես արդեն ասել եմ անցյալ հունիսին Կոնգրեսի իմ ելույթում, համակարգը կոռումպացված չէ. կոռուպցիան ինքնին համակարգն է. Այսպիսով, եթե դուք գնում եք այս տղաների հետևից, դուք ստիպված կլինեք դա անել բանկերի, ոչ թե տանկերի միջոցով: Խփեք նրանց դրամապանակներին, որովհետև դա է նրանց հետաքրքրում»: Փաստացի, Կասպարովի իրական հայտարարությունը համացանցում տարածված տեքստի բովանդակության հակառակն է. Աշխարհի նախկին չեմպիոնը Ռուսաստանը ռմբակոծելու կոչ չի արել:
Ուկրաինական VoxCheck-ի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են համացանցում տարածված տեսանյութը, որին կից նկարագրությունում ասվում էր, որ դրանում պատկերված է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները հենց համալսարանից ստիպելով բանակ տանում մի ուսանողի: Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութը տարածվում է կեղծ համատեքստում: Իրականում տեսանյութն առաջին անգամ տարածվել է 2022 թ. սեպտեմբերին և ներկայացնում է, թե ինչպես է Լեհաստանի հետ սահմանին մի ուկրաինացի փորձում հատել այն: Նա ուսման նպատակով սահմանը 9 անգամ հատելու փորձ էր կատարել, սակայն նրա մուտքը Լեհաստան արգելվել էր, քանի որ ռազմական դրության պայմաններում ուկրաինացի տղամարդկանց ելքը երկրից արգելվում է անգամ կրթության նպատակով:
Աշխարհ
Ամերիկյան Politifact-ը ստուգել է տիկտոկյան մի տեսանյութ, որում ասվում է, թե Եվրոպայում կատարված հետազոտություններից մեկի համաձայն, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վնասում են ուղեղը: Իրականում, սակայն, տեսանյութը կեղծ տեղեկություն է տարածում: Գերմանացի հեղինակի վերջին հետազոտությունը վերաբերում է ուղեղի վրա ոչ թե պատվաստանյութերի, այլ հենց վարակի հնարավոր ազդեցություններին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղում վիրուսը «կարող է նպաստել երկարատև նյարդաբանական ախտանիշների առաջացմանը»:
Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում տարածված հրապարակումը, ըստ որի՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2018 թ.-ին Թվիթերում երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «մերկ ծաղրածու»:
■ In 2018 the Ministry of Defense in Ukraine knew what was going to happen if Zelensky became president
■ Nobody remembered this tweet. pic.twitter.com/MqL43emYrx
— Pistis Sophia (@_PistisSophia) May 15, 2023
Reuters-ի փաստեր ստուգողները չեն գտել ապացույց, որ Ուկրաինայի ՊՆ-ն նման գրառում է արել Թվիթերում 2018 թ.-ին: Կայքը նկատել է, որ լրատվամիջոցները կհրապարակեին երկրի նախագահի հավանական թեկնածուի մասին պաշտպանական գերատեսչության գրառումը, սակայն անգամ ԶԼՄ-ներում դրա մասին խոսք չկա: Հետևաբար, Reuters-ը համացանցում արված գրառումները համարել է անհիմն:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը