«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Ֆեյսբուքում տարածված գրառումը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հանդիպումից հետո արքայազնը անձնական պատժամիջոցներ է սահմանել Բայդենի նկատմամբ և արգելել նրա մուտքը թագավորություն:
Վրաստանցի փաստեր ստուգողները գտել են, որ իրականում տարածված տեղեկությունը հորինել է ռուսական երգիծական Panorama կայքը, և այն չի համապատասխանում իրականությանը։
Factcheck.ge-ն ընդգծել է, որ Panorama-ն ինչպես իր տարբերանշանի վրա, այնպես էլ առանձին գրության տեսքով տեղեկացնում է, որ հրապարակված նյութերը չեն համապատասխանում իրականությանը և երգիծական են:
Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, թե վերջին հինգ տարում Ղազախստանի ապրանքաշրջանառությունը տարածաշրջանի այլ երկրների հետ աճել է 42%-ով՝ հասնելով 6․3 մլրդ դոլարի։ Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ նախագահը տեխնիկական սխալ է թույլ տվել. Ղազախստանի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ վերջին 5 տարում Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների (Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) ապրանքաշրջանառությունն աճել է ոչ թե 42%-ով, ինչպես ասում է Տոկաևը, այլ 73․5%-ով։ 2021 թվականին ապրանքաշրջանառությունն իսկապես հասել է 6․3 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Ռուսական Проверено-նստուգել է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ ուկրաինացի ուժայինները հրետանի և զրահատեխնիկա են տեղակայել Ուկրաինայի Դնեպր քաղաքի թիվ 23 դպրոցի մոտակայքում: Ռուսաստանցի փաստեր ստուգողները նշել են, որ յուրաքանչյուրը կարող է բացել Yandex.Maps և Google Maps ծառայությունները և արբանյակային լուսանկարներով տեսնել, որ դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ հարևան կիսաշրջանաձև շենքի պարագծի երկայնքով, հրթիռահրետանային կայան, հրետանի, տանկի ստվեր և այլ կասկածելի առարկաներ հիշեցնող պատկերներ կան: Միակ խնդիրն այն է, որ այս շենքը «Դնեպրի ճակատամարտը» դիոռաման է, իսկ ռազմական տեխնիկան հիմնականում պատկանում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանին: Ամենայն հավանակությամբ, տեխնիկան տեղադրել են խորհրդային բանակի զինվորականները: Թանգարանային նմուշներն այդ տարածքում տեղադրվել են 1975 թվականին՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ:
Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը
Միջազգային
Բրիտանական Reuters-ը գրել է, որ օգտատերերը տարածում են մի շարք շինծու գրառումներ Թվիթերում՝ պնդելով, որ դրանք հրապարակել է գրող Ջոան Ռոուլինգը՝ պատմելով, թե ինչպես է ինքն իրեն պատկերացնում Հարրի Փոթերի աշխարհում:
jk rowling writing harry potter fanfic about herself pic.twitter.com/enaizSkp6C
— Pandesal Bangs (@yuckybangs) August 5, 2022
Յոթ մասից բաղկացած գրառման մեջ Ռոուլինգը իբրև թե նշել է. «Հարրի Փոթերի տիեզերքում ես՝ Ջ. Ք. Ռոուլինգս, հայտնի հեղինակ չեմ: Փոխարենը, ես Հոգսմիդում ունեմ մի փոքրիկ խմիչքների խանութ, որը կոչվում է The Fanged Geranium: Բոլորը սիրում են խանութը և ինձ: Ինձ տրանսֆոբ անվանելը Հարրի Փոթերի աշխարհում անպատկերացնելի կլիներ»:
Ռոուլինգի ներկայացուցիչ Ռեբեկա Սոլթը Reuters-ին ասել է. «Ես կարող եմ հաստատել, որ դրանք հորինված գրառումններ են, որոնք տեղադրված չեն Ջոան Ռոուլինգի իրական էջում»: Բրիտանացի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տարածվող գրառումը կեղծ է:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) առաջարկում է «Զոմբիների պատրաստվածություն» կրթական նյութեր: Փաստեր ստուգողները նշել են, որ CDC-ն իր կայքում ուներ «Զոմբիների պատրաստություն» բաժինը, որտեղ ընթերցողը կարող էր զբաղվել արտակարգ իրավիճակների պատրաստության իրական ուսուցմամբ՝ զվարճալի և անհեթեթ թեմայի համատեքստում: Սակայն իրականում CDC-ն չի խրախուսում որևէ մեկին պատրաստվել զոմբիների ապոկալիպսիսին: Բացի այդ, կայքում հրապարակված ծրագիրը դադարեցվել է 2022 թվականի սկզբում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը