«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը ստուգել էր սոցցանցերում տարածված պնդումները, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շապիկի վրա, որով նա հաճախ ելույթ է ունենում, նացիստական խաչ է նկարված: Այդ մեղադրանքները հիմնականում հնչում էին Ռուսաստանի իշխանություններին հետ փոխկապակցված կայքերի միջոցով: Սակայն factcheck.kz-ն և միջազգային այլ փաստեր ստուգողներ պարզել են, որ այդ խաչն իրականում Ուկրաինայի զինված ուժերի նշանն է:
Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է այն պնդումները, թե Ուկրաինայում և Վրաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում քիմիական և կենսաբանական զենքեր են ստեղծում: Վրաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել էին, որ տեղեկությունը սխալ է, քանի որ Վրաստանի և Ուկրաինայի լաբորատորիաները ծառայում են ոչ թե կենսաբանական զենք ստեղծելուն և տարածելուն, այլ դրանց ստեղծումը կանխելուն։
«Լաբորատորիաների գործունեությունը ներառում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական և լաբորատոր հսկողություն, հիվանդությունների, համաճարակային բռնկումների և հանրային առողջությանը սպառնացող այլ վտանգների՝ ժամանակին հայտնաբերում և հետազոտություն: Այս լաբորատորիաների նպատակներից մեկն է՝ պարզել համաճարակների ծագումը` արդյո՞ք դրանք բնական ճանապարհով են տարածվում, թե կենսաահաբեկչության հետևանք են»,- գրել է կայքը:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է համացանցում տարածված տեսանյութը, որից տպավորություն է ստեղծվում, թե Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուրախների և հնարամիտների ակումբ» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ: Սակայն իրականում տեսանյութը մոնտաժված է: Զելենսկու մասնակցությամբ կադրերը տեղի են ունեցել 2002 թվականին, իսկ Պուտինի մասնակցությամբ կադրերը՝ 2006-ին:
Միջազգային
Ամերիկյան snopes.com-ը ստուգել է շաբաթվա ամենասկանդալային թեմայի՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի ագրեսիվ պահվածքի հետ կապված մի տեղեկություն։
Այն բանից հետո, երբ դերասանը մրցանակաբաշխության ժամանակ հարվածեց Քրիս Ռոքին՝ բեմում վերջինիս սթենդ-ափ ելույթի ժամանակ իր կնոջ՝ ալոպեցիայով հիվանդ Ջադա Փինքեթի ճաղատությունը ծաղրելու համար, սոցցանցերում բուռն կերպով քննարկվում էր Սմիթի արարքը։ Ոմանք, ապացուցելու համար, որ դերասանը ազնիվ չէ իր մղումներում, տեղադրում էին 1991-ին արված տեսանյութից մի դրվագ, որտեղ Ուիլ Սմիթը Արսենիո Հոլի շոուում «սև» կատակ է թույլ տալիս շոուի երաժիշտներից մեկի նկատմամբ՝ ասելով, թե նա «պետք է ամեն օր վաքսով փայլեցնի գլուխը»։
“He gotta wax his head every morning.” Now this is a video of Will Smith saying a joke about someone with Alopecia.
One reason I love the internet, it never forgets. pic.twitter.com/4OGlgSrcjA
— Peter O.K.H (@Peter_OKH) March 28, 2022
Snopes.com-ի փաստեր ստուգողները պարզել են, որ թեև տեսանյութն իսկապես գոյություն ունի և իսկապես Սմիթն իրեն նման կատակ է թույլ տվել, սակայն Օսկարի ժամանակ տեղի ունեցածի համատեքստում այդ տեսանյութը քննարկելը ճիշտ չէ, որովհետև 1991 թ․ շոուի ժամանակ Սմիթի կատակը հիվանդության հետ կապ չուներ։
Բրիտանական Reuters-ն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում իբր թե իր սեփական մահը ուկրաինական Մարիուպոլում կեղծած հղի կինը կանգնած է սննդի հերթում:
Pregnant Ukrainian woman, apparently died in Russian Airstrikes on a hospital is still alive and part of a new propoganda video pic.twitter.com/NVEN8PI7yr
— Freedom Media (@WeAreTheMSM) March 21, 2022
Նշենք, որ մարտի 9-ին ռուսական ուժերը հարվածել էին Մարիուպոլի ծննդատանը, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ էր զոհվել:
Մեծ աղմուկ էր հանել Associated Press-ի նկարը, որտեղ մի հղի կին էր տարհանվում: Ե՛վ կինը, և՛ երեխան մի քանի օր անց մահացել էին:
Reuters-ն ուսումնասիրել էր երկու նյութերը և եզրակացրել, որ ոչ մի հիմք չկա մտածելու, որ սննդի կետի տեսանյութում հայտնված և Associated Press-ի լուսանկարի կանայք նույն անձն են, ավելին՝ նրանք ակնհայտ տարբեր դիմագծեր ունեն:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը