«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) ստուգել է վրաստանցի օգտատերերից մեկի գրառումն այն մասին, թե Երկիր մոլորակի բնակչությանն իբր թունավորում են ինքնաթիռների միջոցով: Որպես ապացույց` օգտատերը գրառմանը կցել է տեսանյութ, որում թռչող ինքնաթիռի հետևից երևում է սովորական սպիտակ գիծը: Թեև հեղինակը նշել է, որ միտումնավոր ինչ-որ ուժեր են դա անում, սակայն իրականում դա կեղծ պնդում է և վաղուց հայտնի «Քիմիական հետք» կոչվող դավադրապաշտական տեսության մաս է: Այն սկիզբ է առել 20-րդ դարում։ Համաձայն այդ դավադրության տեսության՝ երկնքում հաճախ հայտնվում են վնասակար նյութերի հետքեր, որոնք դիտավորյալ արձակել են կառավարությունների (կամ այլ ուժերի) ուղարկած ինքնաթիռները: Այս տեսությունն այնքան է տարածվել, որ գիտնականների 77 հոգանոց խումբ գիտական փորձ է կատարել, որի արդյունքում այն հերքվել է: Երկնքում ինքնաթիռներից հետո երևացող հետքերն իրականում վառելիքի այրման և այլ քիմիական ռեակցիաների արդյունք են:
Սոցիալական ցանցերի ղազախստանյան հարթակներում ակտիվորեն քննարկվում են տեղեկությունները, թե երկրում հայտնվել են պաղպաղակներ «Աղքատ հրեա» և «Օբամկա» անուններով: Քանի որ սա առաջացրել է բուռն բանավեճ այն մասին, որ դրանում շովինիզմի տարր կարող է լինել, ղազախստանյան factcheck.kz-ն որոշել է պարզել՝ արդյո՞ք իսկապես այդ անուններով պաղպաղակներ կան, թե՞ ոչ: Նման անուններով պաղպաղակներ իսկապես կան ղազախստանյան շուկայում և ռուսական «Սլավիցա» գործարանի արտադրանքն են: Ընկերությունը վաղուց հայտնի է Ռուսաստանում սկանդալային անվանումներով և բազմիցս ստացել է անունների ընտրության մոտեցումը փոխելու կոչեր։
Ռուսական Проверено медиа-ն ուսումնասիրել է տարածված տեսակետը, թե բամբակյա փայտիկներով ականջները մաքրելը վնասակար է: Պարզվել է, որ դա ճիշտ է: Մարդու ականջները մաքրվում են ինքնուրույն. ծծումբը հավաքում է մեռած էպիդերմիսի բջիջները, ճարպը և փոշին, այնուհետև ծնոտի շարժումների ժամանակ շարժվում է դեպի ականջի լսողական անցքը: Այնտեղից այն անվտանգ կարելի է հեռացնել սրբիչով՝ մազերը լվանալուց հետո: Բժիշկները ականջները մաքրելու այլ մեթոդները համարում են ոչ անհրաժեշտ, ոչ էլ անվտանգ: Բամբակյա փայտիկներով ականջները մաքրելը ոչ միայն ավելորդ է, այլև կարող է վնասվածքներ առաջացնել:
Աշխարհ
Ամերիկյան Politifact-ը ստուգել է տարածված առասպելը (որը, ի դեպ, ակտուալ է նաև ՀՀ-ում), թե Շվեյցարիայում երեկոյան ժամը 10-ից հետո արգելված է զուգարանի ջուրը քաշել՝ հարևաններին չանհանգստացնելու համար: Շվեյցարիայում տեղական իշխանություններն իսկապես սահմանում են լռության ժամեր, իսկ բնակելի շենքերն ունեն համակեցության կանոնների երկար ցուցակներ: Սակայն այս կանոնակարգերն ու կանոնները չեն խանգարում մարդկանց զուգարանի ջուրը քաշել գիշերային ժամերին: Բազմաթիվ շվեյցարական աղբյուրներ հերքել են դա: Դեռևս 2013-ին The Local Switzerland-ը հայտնել էր, որ «չկան ընդհանուր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր վարձակալներին», և ամեն տանտեր կարող է սահմանել իր կանոնները:
Բրիտանական Reuters-ն հայտնաբերել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է National Geographic-ի նշանով կեղծված պաստառ: Ըստ հրապարակումների՝ պարբերականի 2020 թ. դեկտեմբերի համարի առաջին էջում գրված է, որ «Սպիտակամորթները վտանգավոր են մարդկության համար»: Հոդվածում ասվում է նաև. «Բայց 20-րդ դարի գերմանական գիտության լուծումը հույս է տալիս, որ դրանց ոչնչացումը կարող է արագացվել»: Reuters-ը National Geographic-ի նման շապիկի կամ հոդվածի ապացույց չի գտել: 2020 թվականի դեկտեմբերի հրատարակության վերնագիրն է՝ «Փրկելով Մեծ լճերը»:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը