«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է «Դեպի Եվրոպա» ֆեյսբուքյան էջի տարածած տեսանյութը, որի նկարագրությունում նշված է. «Մարտի 7-9-ի ցույցերի մասնակիցը, Gen-Z»:
Տեսանյութում հստակ երևում է, որ այն վերցված է Tik-Tok սոցիալական ցանցից, և հստակ ընթեռնելի է տեսանյութի հեղինակի անունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված տեսանյութը հրապարակել է «Orchard Road Fashion» էջը, որի տեսանյութերը հիմնականում փողոցային ոճի մասին են: Նկարագրության մեջ ասվում է, որ այն նկարահանվել է Սեուլի թաղամասերից մեկում։ Հետևաբար, տեսանյութը որևէ կապ չունեմ մարտի 7-9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի հետ:
Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է համացանցում շրջանառվող գրառումները, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «համաճարակի ավարտից հետո ճանաչել է կորոնավիրուսի պատվաստանյութը վնասակար»։ Այնուհանդերձ, ԱՀԿ-ն միշտ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անվտանգ են: Ղազախստանցի փաստեր ստուգողները հայտնում են, որ ԱՀԿ-ն ընդամենը փոխել է COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ առաջարկությունները՝ համաձայն ներկայիս համաճարակաբանական իրավիճակի, երբ բնակչության մեծամասնությունն ունի իմունիտետ պատվաստումների կամ վարակման հետևանքով։
Ռուսական Provereno.media-ն ստուգել է տարածված կարծիքը, թե արտամարմնային բեղմնավորման միջոցով ծնված երեխաները հետագայում բնական բեղմնավորման հետ կապված խնդիրներ են ունենում: Ուսումնասիրությունների արդյունքում ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ դրա որևէ ապացույց չկա: Եթե ծնողների անպտղությունը պայմանավորված է գենետիկական հատկանիշներով, ապա հավանական է, որ այն փոխանցվի երեխաներին, ինչպես դա տեղի կունենար բնական բեղմնավորման դեպքում: Թեև արտամարմնային բեղմնավորման միջոցով ծնված երեխաների պտղաբերության վերաբերյալ երկարաժամկետ վիճակագրություն չկա, կան օրինակներ, երբ մարդիկ ծնվել են դրա միջոցով, իսկ հետո հաջողությամբ կարողացել են հղիանալ բնական ճանապարհով:
Աշխարհ
Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է վերջերս տարածված այն լուրերը, թե Շվեդիան պաշտոնապես ճանաչել է սեքսը որպես սպորտ և վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հինգշաբթի օրը՝ հունիսի 8-ին, կազմակերպելու սեքսի առաջին մրցաշարը: Իրականում, շվեդական պարբերականներից մեկը հայտնել է, որ Դրագան Բրատիչ անունով մի մարդ, որը ստեղծել է «Սեքսի շվեդական ֆեդերացիա», դիմել է միանալու Շվեդիայի մարզական կոնֆեդերացիային: Սակայն դիմումը մերժում է ստացել:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է Ինստագրամում տարածված տեսանյութերից մեկը, ըստ որի, Իտալիայում ԼԳԲՏ հպարտության շաբաթը փոխարինվել է ընտանիքի հպարտության ամսով: Սակայն ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Թեև Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնին խոստացել է ընդդիմանալ ԼԳԲՏ իրավունքների ընդլայնմանը, իտալական կառավարությունը քայլ չի արել՝ չեղարկելու նույնասեռական անձանց իրավունքներին նվիրված ամիսը:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը