«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է ռուսական մեդիայում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե Ուկրաինայում հոկտեմբերի 1-ից կանանց շրջանում զինվորական հաշվառում են կատարելու՝ ներառելով, այդ թվում, հղիներին և մանկահասակ երեխաների մայրերին: Ղազախ փաստեր ստուգողները պարզել են, որ դա մանիպուլյացիա է: Կանանց պարտադիր զինվորական հաշվառումը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ծրագրում դեռ 2021 թվականին և կիրառվում էր միայն որոշակի մասնագիտություններով աշխատող կանանց համար, իսկ հղի և մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող կանայք տարկետման իրավունք ունեին։ 2022 թվականի ամռանը Ուկրաինայի ՊՆ-ն որոշում է կայացրել հաշվառումը դարձնել կամավոր, և առաջարկվել է դրա մեկնարկը հետաձգել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է համացանցի վրաստանյան տիրույթում տարածվող տեղեկությունները, թե իբր Շվեյցարիայում ստեղծված գազային ճգնաժամի պատճառով այն շվեյցարացիները, որոնք ձմռանը տան ջերմաստիճանը կբարձրացնեն 19 աստիճանից ավել, կտուգանվեն և կազատազրկվեն մինչև երեք տարի ժամկետով։ Սակայն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Շվեյցարիայի տնտեսության, կրթության և հետազոտությունների դեպարտամենտի խոսնակ Մարկուս Սփոերնլին հայտարարել է, որ ոչ ոք Շվեյցարիայում չի ազատազրկվելու տան ջերմաստիճանի բարձրացման համար, սակայն երկրի կառավարությունը որոշակի ծրագիր մշակել է ձմռանը հավանական էներգետիկ ճգնաժամի դեպքում ի կատար ածելու համար: Մասնավորապես, հասարակական շենքերում և գրասենյակներում ջեռուցման վերին շեմը կարող է սահմանվել 19°C։ Հատկանշական է, որ այս կանոնը վերաբերելու է միայն գազի ջեռուցման համակարգերին:
Ռուսական Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածված՝ Թայվանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երկխոսությունը, որի ընթացքում թայվանական էջից իբր հարց է հնչել, թե ով է նա:
Իրականում, սակայն, տարածված սքրինշոթը կեղծ է, և դա ապացուցվում է մի քանի փաստարկներով: Նախ՝ Զելենսկու թվիթերյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա երբևէ չի պատասխանում այլ էջերի հրապարակումներին: Ավելին՝ սքրինշոթում նշված օրերին նա Թայվանի վերաբերյալ գրառում չի արել: Բացի այդ, Թայվանի ԱԳՆ էջում կա այլ օգտատիրոջ հետ համանման մեկնաբանություն, ինչը հուշում է, որ հավանաբար հենց այդ երկխոսությունն է հետագայում օգտագործվել Զելենսկու հետ խոսակցությունը կեղծելու համար:
Աշխարհ
Ֆրանսիական AFP-ի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են ամերիկացի դերասանուհի, Միացյալ Թագավորության արքայազն Հարիի կին Մեգան Մարքլի՝ համացանցում տարածված լուսանկարը, որում նա իբր հագել է «Թագուհին մահացել է» (The Queen Is Dead) գրառմամբ վերնաշապիկ Էլիզաբեթ թագուհու մահվանից անմիջապես հետ: Սակայն իրականում պարզվել է, որ ընդամենը Մարքլի հին նկարներից մեկն է կեղծվել Ֆոտոշոփ ծրագրի միջոցով:
Բրիտանական Reuters-ը ստուգել է մի շարք օգտատերերի կողմից տարածվող գրառումները, ըստ որոնց՝ քաղցկեղային ուռուցքներն օրգանիզմի՝ ինքնաբուժվելու փորձի հետևանքով են առաջանում: Սակայն բրիտանացի փաստեր ստուգողները, գիտական աղբյուրների հղում անելով, եզրակացրել են, որ դա ապատեղեկատվություն է և որևէ գիտական փաստ չի կարող ապացուցել այդ պնդումը:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը