«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված գրառումները, թե Ռուսաստանը փակել է Վրաստանի հետ սահմանը հայկական բեռնատարների համար՝ «ՆԱՏՕ-ի հետ սիրախաղերի պատճառով»:
«Փաստմետրին» Վրաստանի եկամուտների ծառայության թեժ գծից հայտնել են, որ Ռուսաստանի սահմանին իսկապես հերթեր են, սակայն տեղաշարժը դժվար է բոլորի համար, ոչ թե միայն հայկական համարանիշներով բեռնատարների: Բացի այդ, «Փաստմետրը» զրուցել է Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցչի հետ, որը հայտարարել է, որ Կազբեգի անցակետում «միայն տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական խնդիր կա»։
Ղազախստանյան factcheck.kz-ն իր ընթերցողներից մեկի խնդրանքով ստուգել է սոցցանցում տարածված մի գրառում/լուսանկար, ըստ որի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, թե «հոմոսեքսուալիզմը քոչվոր ժողովուրդների ավանդույթների անբաժանելի մասն է»:
Կադրը վերցված է մարտի 30-ի Euronews-ի երեկոյան լրատվական թողարկումից: Սյուժեն նվիրված է ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունների թեմայով Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթին, որի ընթացքում քոչվոր ժողովուրդների և միասեռականության մասին հայտարարություններ չեն հնչել:
Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է տարածված կարծիքը, թե լիցքավորվող հեռախոսն անկողնու մոտ դնելը ծայրահեղ վտանգավոր է մարդու առողջության համար: Ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ սմարթֆոնը լիցքավորելն ընդհանուր առմամբ անվտանգ է՝ նույնիսկ քնած մարդու անմիջական մոտակայքում: Միևնույն ժամանակ, իհարկե, նախընտրելի է գլուխը չդնել անմիջապես լիցքավորիչի և հեռախոսի վրա։
Աշխարհ
Ամերիկյան Snopes-ը ստուգել է, թե արդյո՞ք հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իսկապես ասել է, որ արհեստական բանականության զարգացումը կարող է մարդկության վերջը լինել: 2018 թ.-ին Հոքինգը հայտարարել էր, որ «արհեստական բանականության զարգացումը կարող է նշանակել մարդկության վերջը: Երբ մարդիկ զարգացնեն արհեստական բանականությունը, այն կսկսի ինքնուրույն զարգանալ և կվերանախագծվի անընդհատ աճող տեմպերով»:
2017 թ.-ին Հոքինգը ևս մեկ հայտարարություն էր արել արհեստական բանականության մասին. «Եթե մենք չսովորենք, թե ինչպես պատրաստվել և խուսափել հնարավոր ռիսկերից, արհեստական բանականությունը կարող է լինել մեր քաղաքակրթության պատմության ամենավատ իրադարձությունը: Այն վտանգներ կստեղծի, ինչպիսիք են, օրինակ, հզոր ինքնուրույն զենքերը կամ փոքրամասնության կողմից մեծամասնությանը ճնշելու միջոցներ»։
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցցանցերում մեծ տարածում ստացած տեսանյութը, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է անում ընտրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Սակայն իրականում տեսանյութը մոնտաժվել է:
“We cannot win this re-election. We can only elect Donald Trump.” — Joe Biden pic.twitter.com/B0VllfDeKr
— Ian Miles Cheong (@stillgray) April 28, 2023
Տեսահոլովակը կտրվում է նախքան այն պահը, երբ Բայդենը հստակեցնում է, որ Թրամփը կվերընտրվի, եթե Դեմոկրատական կուսակցության ներսում տարաձայնություններ լինեն: Ելույթը տեղի է ունեցել 2020 թ.-ին:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը