«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ուղղափառ եկեղեցիների գործունեությունը արգելելու անհրաժեշտության մասին՝ պատճառ բերելով դրանց կապը ռուսական ուղղափառ եկեղեցու հետ։ Ըստ այդ նյութերի՝ Զելենսկին վճռական է բոլոր քահանաներին ձերբակալելու և նրանց ռազմագերիների հետ փոխանակելու հարցում։
Վրաստանցի փաստերը ստուգողները հայտնում են, որ պատերազմի սկսվելուց ի վեր ուկրաինական իշխանությունները բազմիցս մեղադրել են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն Ռուսաստանի օգտին աշխատելու համար: 33 եկեղեցական ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Հաշվի առնելով այս ամենը՝ դեկտեմբերի 1-ին Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է դադարեցնել Ռուսաստանի հետ փոխկապակցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Դեկտեմբերի 2-ի իր ելույթում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ համաձայն այդ փաստաթղթի՝ կառավարությանը հանձնարարվել է առաջիկա երկու ամիսների ընթացքում պատրաստել և խորհրդարան ներկայացնել օրինագիծ՝ երկրում ՌԴ ազդեցության կենտրոնների հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու մասին: Factcheck.ge-ն, ըստ այդմ, եզրակացրել է, որ արգելվել է ոչ թե ուղղափառ եկեղեցու, այլ Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ուսումնասիրել է տարածված կարծիքը, թե Չինական մեծ պատը մարդու ձեռքով կառուցված միակ շինությունն է, որը երևում է տիեզերքից: Այդ հարցը տասնամյակներ առաջ ուղղվել էր նաև Լուսին առաջինը այցելած Նիլ Արմսթրոնգին, որը պատասխանել էր, որ մարդու կողմից ստեղծված ոչ մի կառույց Լուսնից չի տեսել: Մի քանի այլ տիեզերագնացներ ևս հայտնել են, որ պատը տեսանելի չէ տիեզերքից: Ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ Չինական մեծ պատի՝ տիեզերքից տեսանելի լինելու մասին տեղեկությունը միֆ է և չի համապատասխանում իրականությանը:
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Արգենտինա-Լեհաստան խաղից հետո Արգենտինայի ավագ Լիոնել Մեսսին հրաժարվել է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումից՝ փոխանցելով այն թիմակից Ալեքսիս Մակալիստերին: Սակայն ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ ի սկզբանե Մակալիստերն էր ստացել խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, այսինքն՝ Մեսսիի՝ այդ կոչումը թիմակցին զիջելու պատմությունը կեղծ է և տարածվել է Թվիթերում Մեսսիի երկրպագուներից մեկի կողմից, ինչից հետո տեղեկությունը վերատպել էր Матч ТВ-ն:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում լայնորեն շրջանառված՝ USA Today-ի վերնագրի սքրինշոթը, ըստ որի՝ միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության կատարած փորձերի արդյունքում 3000 կապիկ է սպանվել: Իրականում, սակայն, USA Today-ը նման վերնագրով հոդված չի հրապարակել, այն կեղծվել է: Թեև 3000 կապիկ սպանելու մասին լուրը ապատեղեկատվություն է, բրիտանական պարբերականը հայտնել է, որ ընկերությունում ներկայումս հետաքննություն է իրականացվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Կանադայում երեխաներին էֆթանազիայի իրավունք են տվել: Կանադան 2016 թվականին ընդունել է «Բժշկական օգնություն մահանալու ընթացքում» օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին օգնություն խնդրել բժշկական մասնագետներից՝ իրենց կյանքին վերջ տալու համար: Օրենքը վերաբերում է 18 տարեկանից բարձր տարիքային խմբի քաղաքացիներին: Հարցը, թե արդյո՞ք օրենքը պետք է վերաբերի նաև «հասուն անչափահասներին», Կանադայում ուսումնասիրում է խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է վճիռ կայացնի փետրվարին։ Այսինքն՝ թեև այժմ Կանադայի խորհրդարանը քննարկում է անչափահասների՝ կյանքից ինքնակամ հեռանալու իրավունքը, օրենքը դեռ չի փոփոխվել, և էֆթանազիայի իրավունք ունեն միայն չափահասները:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը