«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է Ֆեյսբուքի վրացալեզու հարթակներում տարածված պնդումները, թե Ուկրաինայում արգելվել են Զատկի տոնակատարությունները: Սակայն իրականում ապրիլի 11-ին Կիևի քաղաքապետարանն ընդամենը հայտարարություն էր տարածել Զատիկը ռազմական դրության պայմաններում նշելու կանոնների վերաբերյալ։ Սահմանափակումները կապված էին քաղաքում իրականացվող պարետային ժամի հետ, որն արգելում է քաղաքում տեղաշարժը ժամը 00:00-ից մինչև 05:00-ն՝ քաղաքացիների անվտանգության համար։ Պարետային ժամից առաջ և հետո քաղաքացիներն ազատ էին եկեղեցի այցելելու և կրոնական տոնը նշելու հարցում:
Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է ղազախական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայում հայտնվել է մոծակների նոր տեսակ, որը վտանգավոր վիրուսներ է տարածում: Խոսքը Aedes aegypti տեսակի մոծակների մասին է, որոնք գիտությանը վաղուց հայտնի են և վտանգավոր վիրուսների կրողներ են։ Եվրոպայի որոշ մասերում այս տեսակը երկար ժամանակ է ապրում է, և հետևաբար, նաև ճիշտ չէ դրանց նոր անվանել այդ աշխարհամասում: Ի դեպ, ԱՀԿ-ն նման հաղորդագրություն չի տարածել:
Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է տարածված կարծիքը, թե մրգային հյութերն առողջության համար նույնքան վտանգավոր են, որքան գազավորված ըմպելիքները: Բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների ծանոթանալուց հետո ռուսաստանցի փաստերի ստուգողները պարզել են, որ այդ պնդումները մասամբ են ճիշտ: Մրգահյութերն իսկապես որոշ առումներով համեմատելի են գազավորված ըմպելիքների հետ. դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար (հետևաբար, առողջության համար նույն ռիսկերն ունեն) և մոտավորապես նույն քանակությամբ կալորիաներ (որը կարող է ազդել քաշի վրա): Միաժամանակ, դրանք պարունակում են վիտամիններ, հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր, որոնք չկան մյուս ըմպելիքների մեջ։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ թարմ մրգերին, քան մրգային հյութին, սակայն գազավորված ըմպելիքի և հյութի միջև ընտրություն կատարելիս գերադասությունը պետք է տալ վերջինին:
Աշխարհ
Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է համացանցում տարածված տեսանյութը, որում իբրև երևում է, թե ինչպես է Եվրախորհրդարանի անդամը կոկաին օգտագործում: Տեսանյութում հայտնված մի տղամարդ նյութ է լցնում ձեռքի վրա, այնուհետև քթով ներքաշում այն։ Reuters-ը պարզել է, որ դա Յենս Մայերն է՝ Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի նախկին պատգամավորը՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից: Նա եվրախորհրդարանի անդամ չէ: Բացի այդ, ավելի որակյալ տեսանյութում երևում է, որ դա իրականում ոչ թե սպիտակ կոկաին է, այլ մուգ շագանակագույն քթախոտ:
Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է թվիթերյան գրառումները, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ճանաչել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, երբ նրանք հանդիպել են Բելֆաստում 2023 թվականի ապրիլի 11-ին:
Joe Biden doesn’t recognize the little brown guy (Prime Minister of UK) and pushes him away to salute the old white guy. The look on the face of @RishiSunak is priceless 🤣 pic.twitter.com/kSfuzpaz1s
— Kim Dotcom (@KimDotcom) April 12, 2023
Իրականում տեսանյութը մոնտաժվել է: Այլ տեսանյութերում երևում է, որ Բայդենը ոչ միայն ճանաչել է Սունակին, այլև կարճ զրույց ունեցել նրա հետ, ապա ողջունել այնտեղ կանգնած համազգեստով սպային:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը