«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին շրջանում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ և հետաքրքիր բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանցի փաստեր ստուգողներն ուշադրության կենտրոնում են պահում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության թեման: Այս անգամ Factcheck.ge-ն ուսումնասիրել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ հնչում է միտք, թե կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութը պարունակում է արհեստականորեն ընդհատված հղիության սաղմի բջիջներ: Իրականում, տեսանյութի բովանդակությունը խեղաթյուրվել է: Պաատա Իմնաձեն հենց նույն ելույթի ընթացքում բացատրում է, թե ինչ տեխնոլոգիայով է ստեղծվում պատվաստանյութը և ընդգծում, որ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը չեն պարունակում պտղի բջիջներ:
Ադրբեջանական Fakt Yoxla կայքը շաբաթվա ընթացքում ստուգել է ադրբեջանական հարթակներում տարածված մի քանի նկարների իսկությունը: Այսպես, Խաղաղ օվկիանոսում արևի խավարումը պատկերող նկարը կեղծ էր: Բնօրինակ նկարն արվել էր 2009 թվականին, իսկ օգտատերերը պարզապես հավելել էին արևի պատկերը հորիզոնում։
«90-ամյա ամուսնուն կորցրած կնոջ արցունքները հուղարկավորության ժամանակ» վերտառությամբ նկարն էլ իրականում տեսարան էր Նատալի Փորթմանի մասնակցությամբ Ժակլին Քենեդու մասին «Ջեքի» ֆիլմից:
Փետրվարի առաջին օրերին սոցցանցերի թուրքական հարթակներում տարածվեցին պնդումներ, թե նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 17 տարեկանից երկու տարի աշխատել է Ստամբուլում՝ Հայդարփաշա երկաթուղային կայարանում: Սակայն թուրք փաստեր ստուգողները՝ Doğruluk Payı կայքից, ուսումնասիրել էին Հիտլերի կենսագրությունը և պարզել, որ այդ տեղեկությունները սխալ են: Իր կյանքի նշված երկու տարիներին Հիտլերը փորձել է շարունակել դպրոցը, հոր մահից հետո որոշ ժամանակ ապրել մոր հետ Գերմանիայում, իսկ հետո տեղափոխվել Վիեննա՝ իրականացնելու նկարիչ դառնալու երազանքը: Թուրքական կայքը եզրակացրել էր՝ Հիտլերի կենսագրություններում և ինքնակենսագրությունում տեղեկություններ չկան, որ նա իր երիտասարդության տարիներին կարող էր լինել Ստամբուլում։
Միջազգային
Ամերիկյան Snopes-ը ստուգել է Ձմեռային օլիմպիական խաղերի վերաբերյալ տարածված տեղեկությունը, որին կցված լուսանկարը կասկածներ էր առաջացրել, թե սպորտային այդ իրադարձությունը տեղի է ունենում Չեռնոբիլի ատոմակայանին նման կառույցի հարևանությամբ: Թեև Թվիթերի օգտատերերի գրառումները նախապես հումորային բնույթ են կրել, շատ ընթերցողներ հավատացել են դրանց:
Կայքը պարզել է, որ թեև լուսանկարը իրական է, սակայն խաղերը տեղի են ունենում Պեկինում, իսկ նկարում երևում են հարևանությամբ գտնվող պողպատի լքված գործարանի վառարանները և ծխնելույզները:
Reuters-ը ստուգել էր Թվիթերում հրապարակված գրառումն այն մասին, որ Apple ընկերությունը պատրաստվում է ստեղծել ամուսնական մատանիներ, որոնք կօգնեն ամուսիններին՝ հետևելու ու տեղեկանալու միմյանց գտնվելու վայրի մասին: Հումորային բնույթ ունեցող գրառումն ապակողմնորոշել էր հազարավոր օգտատերերի, որոնք տարածել էին տեղեկությունը: Սակայն Reuters-ի փաստեր ստուգողները պարզել էին, որ Apple-ը չի աշխատում նման մատանիներ արտադրելու ուղղությամբ և գրառումն իրականությանը չի համապատասխանում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը