«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե լեհական զինուժը կամավորներ է հավաքում Ուկրաինան գրավելու համար: Գրառումների հեղինակները հղում են արել Լեհաստանի պաշտպանության նախարարությանը: Սակայն իրականում տեղեկությունը կեղծ է: Լեհական ՊՆ-ն դեկտեմբերին հայտարարել է «Մարզվիր բանակի հետ» ծրագրի նոր փուլի մասին: Ըստ լեհական իշխանությունների՝ ծրագիրը ստեղծվել է հանրային հետաքրքրության պահանջով:
«Մեր հայրենիքի անվտանգությունն էական նշանակություն ունի Լեհաստանի զարգացման համար։ Մեր գործունեության տեմպերն արագացան Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո։ Մենք զգալիորեն ուժեղացնում ենք Լեհաստանի Հանրապետության պաշտպանունակությունը. սա ագրեսորին զսպելու լավագույն միջոցն է»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է ռուսական աղբյուրներում տարածված տեղեկությունները, թե Կիևում «այրիների երթ» է անցկացվել, որի ժամանակ ցուցարարները բողոքել են, որ Ուկրաինայի իշխանությունները նրանց տալիս են անհետ կորածների հարազատների կարգավիճակ, որպեսզի համապատասխան փոխհատուցումներ չվճարեն զոհերի ընտանիքներին: Ղազախստանյան կայքն այդ պնդումները համարել է մանիպուլյացիա: Հունվարի 14-ին Կիևում իսկապես տեղի է ունեցել զանգվածային ցույց, բայց դա ոչ թե «այրիների երթ» էր, այլ ռազմագերիների և անհայտ կորածների հարազատների հանրահավաք։ Մասնակիցները պահանջում էին իրենց սիրելիներին տուն վերադարձնել «բոլորը բոլորի դիմաց» սխեմայով։ Ցույցի ընթացքում մահացածների մասին տեղեկությունները թաքցնելու համար ուկրաինական իշխանությունների հասցեին քննադատական խոսք չի հնչել:
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է համացանցի ռուսական տիրույթում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Փարիզի մետրոյում Ուկրաինայի դրոշի գույներով պաստառ է հայտնվել՝ «Առա՛ջ» գրառմամբ: Ռուսաստանցի փաստեր ստուգողները որևէ ապացույց չեն գտել նման պաստառի գոյության վերաբերյալ: Ավելին՝ և՛ կազմակերպությունը, որի լոգոն պատկերված է պաստառի վրա, և՛ մետրոյի օպերատորը հերքում են այս պաստառի գոյության փաստը:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե հայտնի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի ձերբակալությունը Գերմանիայում բեմականացրել էին լրագրողները: Թունբերգին բերման ենթարկելու մասին հայտնել էր նաև Reuters-ը: Մասնավորապես, գերմանական ոստիկանության ներկայացուցիչները Reuters-ին հաղորդել էին, որ Գրետա Թունբերգը և մի քանի այլ ակտիվիստներ բերման են ենթարկվել ածխահանքի մոտ ցույց անելու ընթացքում: Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ լուսաբանել են դեպքը: Գերմանական լրատվական գործակալությունը, որի թղթակիցը տեղում աշխատել է, Reuters-ին հայտնել է, որ ակտիվիստները հեռացել են բողոքի ակցիայի թույլատրված տարածքից, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել այն ակտիվիստներին, որոնք չեն համագործակցել ոստիկանների հետ:
Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է նախկին կոնգրեսմեն Դևիդ Ջոլիի թվիթերյան գրառումը, ըստ որի՝ ԱՄՆ-ի ազգային պարտքի գրեթե 25%-ը գոյացել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: Թրամփի վարչակազմի չորս տարիների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն աճել է 7․8 տրիլիոն դոլարով։ Այդ աճը կազմում է ներկայիս 31 տրիլիոն դոլար պետական պարտքի 24․8%-ը։ Բարաք Օբամայի պաշտոնավարման ութ տարիներին պետական պարտքը աճել է 29․7%-ով: Հետևաբար, նախկին կոնգրեսմենի հայտարարությունը ճիշտ է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը