«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Alt-News ֆեյսբուքյան էջի պնդումը, թե Կատարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի՝ ԼԳԲՏ խորհրդանիշներով զարդարված ինքնաթիռը՝ համարելով դա միասեռականության քարոզչություն, որն արգելված է երկրում»։ Գրառման մեջ նշվում է նաև, որ «մերժումից հետո գերմանական ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օման, որտեղից գերմանացի մարզիկները տեղական ավիաընկերություններով մեկնել են Կատար»։
Սակայն այս տեղեկությունը կեղծ է: Իսկապես, գերմանացի ֆուտբոլիստները Կատար են մեկնել Օմանից, սակայն պատճառը իշխանությունների արգելքը չի եղել:
Ինչպես Գերմանիայի հավաքականի, այնպես էլ Lufthansa-ի պաշտոնական էջերում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում էր, որ Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 14-ին մեկնել է Մուսկատում գտնվող մարզաբազա, այլ ոչ թե Կատար, որտեղ գտնվում են խաղացողներն ու մարզչական անձնակազմը: Ավելի ուշ՝ նոյեմբերի 17-ին, նրանք Oman Air-ի ինքնաթիռով վայրէջք են կատարել Կատարում:
Ղազախստանյան factcheck.kz-ը ընթերցողների խնդրանքով ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը նոյեմբերի 23-ը հայտարարել է հանգստյան օր՝ Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի առիթով»: Այս տեղեկություն ճիշտ է: Թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է հանգստյան օր պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատակիցների և ուսանողների համար՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ Սաուդյան Արաբիայի հավաքականի հաղթանակի կապակցությամբ:
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է լրատվամիջոցներով տարածված գրառումները և դրանց կցված լուսանկարը, ըստ որի՝ Ինդոնեզիայում կայացած G20-ի համաժողովի ժամանակ կազմակերպիչները ռուսական պատվիրակությանը դիմավորել են Ռուսաստանի քարտեզ-պաստառով, որի վրա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները ներկայացվել են որպես Ռուսաստանի տարածք։ Սակայն ռուսաստանցի փաստեր ստուգողներին չի հաջողվել համացանցում գտնել այդ պաստառի լուսանկարները: Բացի այդ, համացանցում չկան այլ երկրների պատվիրակությունների համար նախատեսված նմանատիպ պաստառների լուսանկարներ: G20-ի բոլոր գովազդային վահանակները, պաստառները նախագծված են նույն ոճով և պատկերում են Ինդոնեզիայի լեռների ուրվագծերը: Ավելին՝ նկարի որակը ցույց է տալիս, որ այն հավանաբար ֆոտոմոնտաժի է ենթարկվել: Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տեղեկությունը կեղծ է:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ն ուսումնասիրել է համացանցում տարածված տեղեկությունները, թե ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը իսլամ է ընդունել, ինչ մասին հայտնել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման ժամանակ: Սակայն բացման արարողության տեսագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրիմանը նման բան չի հայտարարել: Որևէ այլ առիթով նույնպես Ֆրիմանը չի խոսել իսլամ ընդունելու մասին:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ-ն, մասնավորապես, երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, սկսել է արտաքսել կուբացի ներգաղթյալներին, քանի որ նրանք հիմնականում ավանդապաշտ հայացքներ ունեն, ինչը նշանակում է, որ նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցության օգտին են քվեարկելու: Սակայն որոշ կուբացիներին արտաքսում են այլ պատճառով: Կուբայի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարել է, որ երկիրը կվերսկսի ընդունել ԱՄՆ-ի կողմից արտաքսված Կուբայի քաղաքացիներին: Կուբան դադարել էր նրանց ընդունել COVID-19 համաճարակի ժամանակ։ ԱՄՆ-ի բազմաթիվ նախագահական վարչակազմեր արտաքսել են կուբացիներին, ներառյալ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմը: Բացի այդ, նրանք առհասարակ ԱՄՆ-ում ընտրելու իրավունք չունեն, քանի որ անօրինական են գտնվում երկրում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը