«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է վրաստանցի օգտատերերի կողմից շրջանառվող ֆոտոհրապարակումը, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իբր հայտարարել է, որ Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն: Հիշեցնենք, որ նույն գրառումը մեծ տարածում էր ստացել նաև սոցցանցերի հայկական տիրույթում, և «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր դրան մայիսի 21-ի իր հրապարակման մեջ: Վրաստանցի փաստեր ստուգողները նույնպես մեջբերել էին Վլադիմիր Զելենսկու՝ Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում արած հայտարարությունը, որը հակասում էր սոցցանցերում տարածված գրառման բովանդակությանը: Ուկրաինայի նախագահը հաստատել էր քաղաքի կորուստը և հավելել. «Ցավոք, սա ողբերգություն է, Բախմուտը կա միայն մեր սրտերում. այնտեղ ամեն ինչ գետնին է հավասարվել. միայն հողն է ու մեծ թվով մեռած ռուսներ»:
Ռուսական Provereno.media-ն ստուգել է սոցցանցերի ռուսական տիրույթում տարածված պնդումը, թե Հոնկոնգում օրենքը թույլ է տալիս կնոջը սպանել ամուսնուն, եթե վերջինս դավաճանել է: Կանխամտածված սպանությունը Հոնկոնգում պատժվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի և այլ մեղմացուցիչ հանգամանքների: Այս մեղմացուցիչ հանգամանքների շարքում չէ ամուսնու կողմից դավաճանությունը: Կայքը չի կարողացել գտնել նախադեպեր, երբ Հոնկոնգում կինը խանդի պատճառով սպանել է ամուսնուն և խուսափել պատժից։ Հետևաբար, տեղեկությունը սխալ է:
Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է սոցցանցերում շրջանառվող հրապարակումները, ըստ որոնց, երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում պատմել է իր սիրելի չինական ճաշատեսակի մասին, որը պատրաստվում է խոզի մսով: Նշենք, որ մուսուլմաններին արգելվում է խոզի միս ուտել: Չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Տոկաևն իսկապես ասել է, որ կարոտում է չինական սնունդը, ներառյալ hui go rou-ն (回鍋肉), որը սովորաբար պատրաստվում է խոզի մսից: Միաժամանակ, հոդվածի հեղինակները նշել են, որ պարզ չէ՝ ներկայումս նախագահը օգտագործո՞ւմ է այդ սնունդը և առհասարակ՝ իսլամի հետևո՞րդ է, թե՝ ոչ:
Աշխարհ
Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի մայրն իր կտակում դստերը հիշատակելիս նշել է «իմ որդի Միշելը»: Իրականում, տեղեկության աղբյուրը տարիների վաղեմության մի հոդված է, որը հրապարակվել է երգիծական կայքէջում, սակայն սոցիալական ցանցերի վերջին գրառումները կրկին տարածել են այն որպես ճշգրիտ փաստ: Obamawatcher.com կոչվող կայքի «Մեր մասին» բաժնում նշված է, որ այն «Ամերիկայի պաշտպանության վերջին գծի» մի մասն է՝ «ծաղրականության, երգիծանքի և ծաղրածուների» ցանց:
Ամերիկյան Snopes-ն էլ ստուգել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե իր որդին՝ Բո Բայդենը, զոհվել է Իրաքում ծառայելիս: Նախագահի պնդումը սխալ է. Բո Բայդենը մահացել է ուղեղի քաղցկեղից 2015 թվականին՝ զինվորական ծառայությունից վերադառնալուց վեց տարի անց: Ինքը՝ Բայդենը, հաճախ է խոսել ուղեղի քաղցկեղից իր որդու մահվան մասին, ուստի Իրաքի հայտարարությունն արվել է սխալմամբ և ոչ միտումնավոր: Այնուամենայնիվ, Բայդենը կապել է Բոյի գլխուղեղի քաղցկեղը Իրաքում ստացած վնասվածքների հետ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը