«Փաստերի ստուգման հարթակի» նոր շարքում պարբերաբար կներկայացնենք փաստերի ստուգմամբ զբաղվող տարածաշրջանային և միջազգային գործընկերների՝ շաբաթվա ընթացքում հրապարակած կարևոր և Հայաստանի համար արդիական թեմաները:
Տարածաշրջան
Վրաստանում կորոնավիրուսի հերթական ալիքն է, և հիվանդության մասին տարածվող ապատեղեկատվությունը տեղի փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում է: Factcheck.ge-ն ստուգել է համացանցի վրացալեզու հատվածում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիայում պատվաստվելու հետևանքով մահը գրանցվել է որպես ինքնասպանություն: Մասնավորապես, իբրև թե դատարանը բավարարել էր ապահովագրական ընկերությանը հայցը, որը հրաժարվել էր փոխհատուցել կյանքի ապահովագրում ունեցած անձի մահվան համար, քանի որ այն վրա էր հասել պատվաստման հետևանքով: Պարզվել էր, որ պնդումը ապատեղեկատվություն է և չի հաստատվում ֆրանսալեզու աղբյուրներում:
Նույն կեղծ լուրը տարածվել էր նաև Ղազախստանում։ Factcheck.kz հարթակից փաստեր ստուգողները պարզել էին, որ այս ապատեղեկատվությունը հիմնված է անցյալ տարի Կանադայում տարածված կեղծ պնդման վրա: Թե՛ Կանադայում, թե՛ Ֆրանսիայում տեղեկությունը հերքվել էր: Ղազախստանցի փաստեր ստուգողները բացահայտել էին, որ կանադական և ֆրանսիական ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են պատվաստման հետևանքով գրանցված մահերը:
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանն է անդրադարձել նաև ուկրաինական Stopfake.org-ի փաստեր ստուգողների թիմը: Ուկրաինական հարթակներում տարածվել էր տեղեկություն, թե իբր Հաագայի միջազգային դատարանը COVID-19-ի համավարակը ճանաչել էր որպես ցեղասպանություն: Սակայն ուկրաինացի փաստեր ստուգողներն ուսումնասիրել էին Հաագայի դատարանի գործերը և պարզել, որ կորոնավիրուսին վերաբերող գործ առհասարակ գոյություն չունի այդ կառույցում:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել էր սոցիալական ցանցերի ադրբեջանական հարթակներում և կայքերում տարածված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամերիկացի միլիարդատեր, ֆինանսիստ Ջորջ Սորոսի հետ նկարն ու բացահայտել, որ այն կեղծված է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 2-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պնդել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ջորջ Սորոսը համատեղ լուսանկար ունեն՝ նկատի ունենալով այս կեղծ լուսանկարը, որը նախկինում տարածվել էր նաև ցանցի հայալեզու հատվածում:
Իրականում, բնօրինակ լուսանկարն արվել է 2019 թվականին՝ Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում, իսկ Սորոսի հետ պատկերված է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը:
Միջազգային
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցիալական ցանցերում հազարավոր տարածումներ ունեցող հրապարակումը, որտեղ օսկարակիր դերասան Մորգան Ֆրիմանին վերագրվում են թեստ չհանձնելու մասին կոչեր: Հրապարակման մեջ գրված է. «Թեստ մի՛ տվեք. Եթե հիվանդ եք, մնացեք տանը, եթե լավ եք, գնացեք գործի…»:
Exactly!!! pic.twitter.com/l2z4NV1fdb
— The Fringe HonkHonk 🚘 🇨🇦 V 🍁 (@V83510815) January 20, 2022
Մորգան Ֆրիմանի ներկայացուցիչները հերքել են, որ դերասանը նման հայտարարություններ է արել:
Ամերիկյան PolitiFact-ի փաստեր ստուգողների թիմն անդրադարձել է 2000-ականներին ԱՄՆ-ում տարածված դավադրության տեսությունը, ըստ որի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ թունավոր նյութերով աղտոտում է երկրի մթնոլորտը: Թեև ապատեղեկատվությունը հին է, սակայն հեղինակները նշում են, որ այն արդիականացվել է՝ տարածվելով TikTok սոցիալական ցանցի միջոցով: Այս պնդումները հերքվել են մթնոլորտը ուսումնասիրող և մշտադիտարկող մասնագետների կողմից:
Փաստերի ստուգման ամերիկյան երկու այլ թիմեր էլ՝ Washington post-ը և Factcheck.org-ը, ստուգել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայացած ասուլիսը և եզրակացրել, որ նախագահի մի շարք պնդումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, անապահով երեխաների և արտաքին քաղաքականության վերաբերյալ, սխալ են ու մանիպուլյատիվ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը