«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է ֆեյսբուքում տարածված սքրինշոթը, որում նշված է, թե ավիաընկերություններից մեկը Մոսկվա-Բեռլին ուղիղ չվերթ է իրականացնում: Տեղեկությունը իսկապես տեղադրված է Avia Charter կայքում, սակայն դա ճիշտ չէ. ռուսական ավիաընկերություններին արգելված է մուտք գործել Եվրամիության օդային տարածք։ Ռուսաստանի Դաշնային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա) իր հերթին արգելել է ԵՄ-ում գրանցված ինքնաթիռների թռիչքը դեպի Ռուսաստան: Հետևաբար Մոսկվայից Բեռլին իրականացվող թռիչքների մասին տեղեկությունը կեղծ է:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է օգտատերերի և մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութը, որում հայտնի ռեփեր Jay-Z-ն գովերգող ռեփ է կարդում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասին: Ավելի ուշ տարածվել է նմանատիպ մեկ այլ երգ՝ արդեն ամերիկացի ռեփեր էմինեմի կատարմամբ: Jay-Z-ի և Էմինեմի պաշտոնական ալիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք Տոկաևի մասին որևէ երգ չեն թողարկել։ Տեսահոլովակի համար օգտագործված կադրերը վերցված են կատարողների այլ հոլովակներից և համերգներից։ Իսկ բառերն ու ձայնը, ըստ երեւույթին, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Ռուսական Provereno.media-ն ստուգել է համացանցում շրջանառվող մի նկար, որն իբր արված էր Ուկրաինայի դպրոցներից մեկում։ Դրանում երևում է, որ Ուկրաինայի նախագահի դիմանկարի կողքին պատից կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարը։ Ըստ օգտատերերի՝ սա ապացույց է, որ երկիրը դարձել է ԱՄՆ գաղութ։ Կայքը գտել է, որ գրառումը կեղծ է: Որպես հիմք առաջին հերթին նշվում է, որ գրառումը հիմնականում տարածել են ռուսամետ տելեգրամյան ալիքները, որոնք հայտնի են ապատեղեկատվության տարածմամբ: Բացի այդ, ռուս փաստեր ստուգողները նկատել են, որ որևէ մանրամասն չկա՝ նկարը որտեղ է արվել և որ դպրոցի մասին է խոսքը: Հատկանշական է նաև, որ նկարների կողքին կախված է երկու շնորհակալագիր, որոնք շնորհվել են երկու տարբեր ուսուցիչների՝ Ուկրաինայի երկու տարբերի շրջաններից, ընդ որում՝ նրանք առնչություն չունեն տվյալ դպրոցին:
Աշխարհ
Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե Միացյալ Թագավորությունում ուսուցչին աշխատանքից ազատել են տրանսգենդեր աշակերտի մասին խոսելիս վերջինիս գենդերային ինքնությունը չարտացոլող՝ սխալ եզրույթներ օգտագործելու համար: Սակայն իրականում ուսուցչի ազատման համար հիմք են ծառայել դպրոցի ուսուցչական էթիկական նորմերի և մասնագիտական պարտականությունների շրջանակների խախտումը՝ ըստ հրապարակված հաշվետվության: Մասնավորապես, մաթեմատիկայի ուսուցիչ լինելով՝ նա դասերը նվիրել է գեյ ամուսնությունների և հոմոսեքսուալության բացասական կողմերի մասին թեմաներին:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է Ինստագրամում տարածված գրառում, ըստ որի՝ Եվրոպական միությունը խորհուրդ է տվել հղի կանանց խուսափել կորոնավիրուսի դեմ պատվաստումից վիժման վտանգի պատճառով: Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը, որը կարգավորում է դեղերի անվտանգությունը ԵՄ-ում, իր կայքում հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն մեծացնում հղիության բարդությունների հավանականությունը: Գործակալության աշխատանքային խումբը մի քանի անգամ հայտարարել է, որ պատվաստանյութերն անվտանգ են և որևէ ռիսկ չեն ներկայացնում պտղաբերության տեսանկյունից:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը