«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածվող տեսանյութը մի գրքի մասին, որը, գրառման հեղինակի կարծիքով, ապացուցում է մարդակերության քարոզչության առկայությունը Եվրոպայում: Մասնավորապես, տեսանյութում պատմողը պնդում է, որ Եվրոպայում գտել է մի գիրք, որը նկարագրում է՝ ինչպես և ինչ եղանակով պատրաստել մարմնի տարբեր մասերը, ինչ համ ունեն դրանք և այլն: Իրականում տեսանյութում ցուցադրված «Եվրոպայում հայտնաբերված» գիրքը մարդակերությունը քարոզելու և մարդու միս ուտելու ուղեցույց չէ, այլ արգենտինացի հայտնի գրող Ագուստինա Բաստերիկայի հակաուտոպիստական գեղարվեստական գիրքը։ Տեսանյութում ցուցադրված հրատարակությունը վեպի չեխերեն թարգմանությունն է։
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է համացանցում տարածված գրառումներն այն մասին, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրոպան «այգի» է, իսկ շրջապատող աշխարհը՝ «ջունգլիներ»: Ղազախստանցի փաստեր ստուգողները գտել են, որ թեև Բորելն իսկապես նման հայտարարություն արել է, սակայն համատեքստը բացակայում է, քանի որ գրառումների հեղինակները չեն ներառում Բորելի հայտարարության այն մասը, երբ նա ասում է, որ մարդիկ չպետք է պաշտպանեն այգին պատեր կառուցելու միջոցով և որ եվրոպացիները պետք է ավելի շատ շփվեն և օգնեն մնացած աշխարհին, հատկապես Ուկրաինայի պատերազմի համատեքստում:
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է տարածված տեսակետը, թե ծխախոտի պասիվ օգտագործումն ավելի վնասակար է, քան ակտիվ ծխելը: Ակտիվ (առաջնային) ծխելը այրվող բուսանյութի ծուխը ներշնչելու գործընթացն է։ Պասիվ (երկրորդային) ծխելը ծխախոտի ծուխը օդի հետ միասին ներշնչելու գործընթացն է այն մարդկանց կողմից, որոնք գտնվում են ծխող մարդու մոտ, բայց իրենք չեն ծխում: Ռուսաստանցի փաստեր ստուգողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև ծուխը, որը ներշնչվում է պասիվ ծխողների կողմից, պարունակում է վնասակար նյութերի ավելի մեծ կոնցենտրացիա, քան ծխախոտի ֆիլտրով թոքեր մտնող հիմնական ծուխը, սակայն այն վնասը, որը պատճառում է տարբեր օրգաններին և դրանց գործառույթներին, ավելի քիչ է: Այնուամենայնիվ, պասիվ ծխելը չափազանց վտանգավոր է և ամեն գնով պետք է խուսափել դրանից:
Աշխարհ
Գերմանական Correctiv փաստեր ստուգող և հետաքննական կայքն ուսումնասիրել է սոցցանցերում շրջանառվող լուսանկարը, որն իբր ապացուցում է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր բոլոր ելույթները նկարահանում է կանաչ տաղավարում:
Գերմանացի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում այս պնդումները կեղծ են: Նկարն իրական է, Զելենսկին իսկապես ելույթներից մեկը նկարահանել է կանաչ տաղավարում: Սակայն դա գաղտնի չի եղել և արվել է Ուկրաինայի նախագահի հոլոգրամային պատկերը ստանալու համար: Հոլոգրամի միջոցով Զելենսկին ելույթ է ունեցել Evercoast բարձր տեխնոլոգիաների կոնֆերանսի ժամանակ 2022 թ. ամռանը: Սակայն սա չի նշանակում, որ Զելենսկու բոլոր ելույթները նախապես նկարահանվում են կանաչ տաղավարում: Բազմաթիվ ապացույցներ կան, որ Զելենսկին հենց տեղում խոսել է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, օրինակ՝ Իզյումում, Բուչայում և այլ քաղաքներում:
Ամերիկյան Snopes-ի լրագրողները ստուգել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե երբ ինքը ստանձնեց պաշտոնը 2021 թ. հունվարին, ԱՄՆ-ում գազի գինը 5 դոլարից ավելի էր: «Այսօր Ամերիկայում գազի ամենատարածված գինը 3․39 դոլար է, ինչը 5 դոլարից պակաս է, երբ ես ստանձնեցի պաշտոնը»,- մասնավորապես, նշել է նա: Սակայն ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տնից հեռանալուց անմիջապես հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին, ավարտվող շաբաթվա համար ԱՄՆ-ում գազի գինը կազմում էր 2․39 դոլար մեկ գալոնի դիմաց (խմբ.-1 գալոնը հավասար Է 3․785 լիտրի): Բայդենի պնդման երկրորդ հատվածը նույնպես սխալ է, քանի որ հոկտեմբերին բենզինի գինը կազմել է 3․82 դոլար, ոչ թե 3․39:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը