«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է համացանցի վրացական տիրույթում շրջանառվող՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի լուսանկարը, որտեղ նա Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պատկերով դաջվածք ունի` «Free Misha» մակագրությամբ։
Լուսանկարն իրականում վերցված է նոյեմբերի 10-ին «Գլխավոր շեշտադրումներ» հաղորդաշարում Լևան Խաբեիշվիլիի մասնակցությամբ տեսագրությունից։ Դրանում պարզ երևում է, որ Լևան Խաբեիշվիլին գլխին դաջվածք չունի։ Վրաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են՝ տարածված պատկերները մոնտաժված են և չեն արտացոլում իրականությունը։
Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է տեղեկությունը, թե ուկրաինացի փախստականների պատճառով կտրուկ աճել են ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը: Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ սա մանիպուլյացիա է. ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը Լեհաստանում հիմա ավելի շատ են, քանի որ երկիրը սկսել է ավելի շատ թեստեր անել: Լեհաստանում նախկինում ՄԻԱՎ-ով վարակվածության ավելի քիչ դեպքերի հայտնաբերման հիմնական պատճառն այն էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ավելի քիչ թեստեր էին արվում: Բացի այդ, հիվանդացության վիճակագրության աճը չի նշանակում, որ մարդիկ ավելի շատ են հիվանդանում։ Շատերը կարող էին ավելի վաղ հիվանդանալ, բայց համաճարակի պատճառով ախտորոշումը միայն վերջերս է հաստատվել: Հետևաբար պնդումը, թե ուկրաինացի փախստականների պատճառով Լեհաստանում ՄԻԱՎ-ի համաճարակ է սկսվել, սխալ է:
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածվող պնդումները, թե Համաշխարհային տնտեսական ֆորումը կոչ է արել ննջեցնել տնային կենդանիներին՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոց: Սակայն տեղեկությունը սխալ է և մանիպուլյատիվ: Համաշխարհային տնտեսական ֆորումը երբեք չի առաջարկել ընտանի կենդանիների զանգվածային սպանություն՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոց: Միևնույն ժամանակ, և՛ Ֆորումը, և՛ այլ փորձագետներ մատնանշում են, որ ընտանի կենդանիների սննդի արտադրությունը թողնում է ածխածնի զգալի հետք, և առաջարկում են որոշ միջոցներ՝ այն նվազեցնելու համար:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և վերջինիս տիկնոջ լուսանկարը, որը տարածվել էր համացանցում նախագահների հանդիպումից հետո:
Ըստ այդ նկարի՝ հանդիպումից հետո նկարվելու ընթացքում Բայդենը ձեռքը դրել է Զելենսկու հետույքին:
This sums it up! pic.twitter.com/i8OLZzlQ6T
— Johnny Midnight (@its_the_Dr) December 22, 2022
Սակայն իրական լուսանկարում, որը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկինը, նման բան չկա: Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին:
President Zelenskyy, we hope you take our love and support back to Olena and your children, and all the families of Ukraine. 💕 pic.twitter.com/z1uqAAl8B8
— Jill Biden (@FLOTUS) December 22, 2022
Ընդ որում, այդպիսի մի քանի պատկերներ կան, սակայն վստահելի աղբյուրներից ոչ մեկը ցույց չի տալիս լուսանկարում ներկայացված տեսարանը: Փաստեր ստուգողները եզրակացրել են, որ նկարը կեղծ է:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե նա որպես նախագահ երկու անգամ այցելել է «Իրաք, Աֆղանստան և նման այլ տեղեր»:
Սակայն Բայդենը երբ չի այցելել այդ երկրները որպես նախագահ: Politifact-ի լրագրողները նշել են, որ առաջին անգամ չէ, երբ Բայդենը մանիպուլացնում է իր՝ Աֆղանստան և Իրաք այցերի կատարած թվերը: Մասնավորապես, ամիսներ առաջ նա պնդել էր, որ այդ երկու երկրում եղել է ավելի քան 40 անգամ: Մինչդեռ նա եղել է Իրաքում և Աֆղանստանում 21 անգամ, այն էլ՝ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը