«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված պնդումը, թե Արևմուտքը կողոպտում է Ուկրաինան՝ երկրից տանելով հացահատիկի ողջ պաշարները: Մասնավորապես, տարածվել էր տեսանյութ, որտեղ ցորենը բեռնատարներով անցկացնում էին սահմանով: Վրաստանցի փաստեր ստուգողները գրում են, որ Ուկրաինան ցորեն էր արտահանում դեռ պատերազմից առաջ և աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն էր։ Նրանք պարզել են, որ որպեսզի Ուկրաինայի տնտեսության համար կարևորագույն ճյուղը ճգնաժամում չհայտնվի, որոշում է կայացվել ցորենը արտահանել ցամաքային ճանապարհով, քանի որ ռուսական օկուպացիայի պատճառով այլևս ծովային ճանապարհով չի կարող արվել դա: Հետևաբար՝ պնդումը, թե տեսանյութում երևում է, թե ինչպես է Արևմուտքը «կողոպտում» Ուկրաինան, կեղծ է:
Ղազախական factcheck.kz-ն ուսումնասիրել է տարբեր հարթակներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ողջագուրվել է օդի հետ»: Նման տեսանյութ տարածում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները: Հրապարակումները ուղեկցվում են Հյուսիսային Կարոլինա կատարած վերջին այցի ժամանակ Ջո Բայդենի ելույթից կարճ տեսանյութով, որում նախագահը ելույթն ավարտելուց հետո շրջվում է դեպի աջ և մեկնում ձեռքը։ Տեսանյութի այդ հատվածից և դրա հետ կապված սքրինշոթներից, որոնք շրջանառվում են համացանցում, իսկապես կարող է թվալ, որ նախագահը փորձում է բարևել որևէ մեկին: Ըստ ղազախստանցի փաստերի ստուգողների՝ տեսանյութը սխալ է մեկնաբանվում։ Ամբողջական տեսանյութում կա մի այլ տեսանկյունից տեսարան, որտեղ երևում է, թե ինչպես է Բայդենը աջ կողմում գտնվող հանդիսատեսին դիմում իրեն հատուկ շարժումով, որը նման է ինչ-որ մեկին բարևելուն: Այսինքն՝ պնդումը, թե Բայդենը գոյություն չունեցող մարդու հետ է ողջագուրվում, սխալ է:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցիալական ցանցերում օգտատերերի պնդումները, թե Pfizer-ը ստեղծել է «Կապիկի ծաղկի» դեմ պատվաստանյութ և որ այն վերջերս հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի ադմինիստրացիան (FDA): Կայքը եզրակացրել է, որ Pfizer-ը վերջերս չի թողարկել նման պատվաստանյութ և այն չի հաստատվել FDA-ի կողմից: Ավելին՝ այդ պնդումները, հավանաբար, տարածվել են երգիծական կայքից:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է Թվիթերում տարածվող տեղեկությունը, թե Տեխասում դպրոցում աշակերտների վրա կրակած և 21 մարդ սպանած Սալվադոր Ռամոսը ԱՄՆ-ում էր հայտնվել անօրինական ճանապարհով: Փաստեր ստուգողները չէին գտել որևէ ապացույց, որը կվկայեր, որ մարդասպանն անօրինական ներգաղթյալ էր: Ավելին՝ CNN-ին տված հարցազրույցում Տեխաս նահանգի սենատոր Ռոլանդ Գիտիերեսն ասել է, որ Տեխաս նահանգի ոստիկանությունն իրեն հայտնել է, որ Ռամոսը ծնվել է Հյուսիսային Դակոտայում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը