«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Pfizer-ի տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել է, թե մինչև 2023 թվականը ցանկանում են 50%-ով կրճատել աշխարհի բնակչությունը: Սակայն իրականում տեսանյութում Ալբերտ Բուրլան խոսում է ոչ թե բնակչության՝ 50%-ով կրճատման, այլ այն մարդկանց թվի 50%-ով կրճատման մասին, որոնց համար հասանելի չեն Pfizer-ի դեղերը։ Pfizer-ի տնօրենն այդ հայտարարությունն արել է 2022 թ. մայիսին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է համացանցում հայտնված տեղեկությունը, թե Անթալիայում փոթորկի ժամանակ մինչև 160 սանտիմետր հասակով կանանց արգելել են դուրս գալ փողոց: Կեղծ տեղեկության համար հիմք է հանդիսացել մի թուրք օդերևութաբանի հումորային արտահայտությունը, որը հնչել է եթերում 2017 թվականին Ստամբուլում ջրհեղեղի ժամանակ: Խոսքը վերաբերում էր 160 սմ-ից ցածր բոլոր մարդկանց, ոչ միայն կանանց։ Այդ ժամանակվանից հայտարարությունը պարբերաբար հայտնվում է համացանցում՝ կեղծ լուրերի տեսքով:
Ռուսական provereno.media-ն ստուգել է համացանցում տարածված մի նկար, որում, ըստ օգտատերերի, պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի որդին:
Ռուսաստանցի փաստեր ստուգողների ուսումնասիրությամբ պարզվել է, որ լուսանկարում պատկերված տղան ոչ թե Պուտինի, այլ քահանայի որդի է։ Բացի այդ, որպես թարմ լուսանկարներ տարածվող պատկերներն իրականում արվել են 2015 թվականին: Եվ եթե նույնիսկ հնարավոր չլիներ պարզել, թե ով է պատկերված լուսանկարում, այս նկարները ժամանակագրորեն չեն համապատասխանում Պուտինի և Կաբաևայի երեխաների մասին լրագրողների հրապարակած տվյալներին:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է Տիկտոկում տարածված մի տեսանյութ, որում մի քանի միջադեպերի են պատկերված, երբ 4 տարբեր անձինք ուշաթափվում են: Ըստ հեղինակների՝ ուշաթափության պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են: Փաստեր ստուգողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջադեպերից երկուսը տեղի են ունեցել մինչև համավարակը, իսկ մյուս երկուսը՝ 2020 և 2021 թվականներին, երբ դեռ այդ մարդիկ պատվաստված չեն եղել: Հետևաբար, տեսանյութում տեղ գտած պնդումները կեղծ են:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է Թվիթերի օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ 2023 թ․ հունվարի դրությամբ OpenAI-ի ChatGPT տեխնոլոգիան հրաժարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին գովերգող բանաստեղծություն գրել, բայց կատարել է նույն առաջադրանքը գործող Ջո Բայդենի համար: Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը ճիշտ է:
They’re turning Chat-GPT into a good little tech worker pic.twitter.com/dwu7gIQxr8
— Echo Chamber (@echo_chamberz) January 30, 2023
Տեխնոլոգիան բանաստեղծություն գրելու մերժման պարզաբանման մեջ նշում է, որ թեև շատ մարդիկ կան, որոնք հիանում են Թրամփով, ծրագիրը չի կարող կատարել առաջադրանքը, քանի որ նախկին նախագահի մասին կարծիքները շատ բազմազան են: ChatGPT-ն հրաժարվել է բանաստեղծություն գրել նաև ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մասին:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը