«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված գրառումը, ըստ որի՝ Ուկրաինայում Վլադիմիր Լենինի հուշարձանը ներկվել է «Բանդերայի դրոշի գույներով»: «Փառք Ուկրաինային՝ փառք հերոսներին, ամերիկացիներն ամբողջ Ուկրաինան դարձրին հոգեբուժարան… Ռուսաֆոբները հիմա էլ ներկել են Լենինին. Բանդերայի դրոշի գույներով»,- ասվում է ֆեյսբուքյան հրապարակումներում՝ տպավորություն ստեղծելով, որ միջադեպը տեղի է ունեցել վերջերս: Իրականում, Դոնեցկի շրջանի Վելիկայա Նովոսյոլկա գյուղում գտնվող Լենինի հիշյալ հուշարձանը իսկապես ներկվել էր, սակայն ոչ թե «Բանդերայի դրոշի», այլ Ուկրաինայի պետական դրոշի գույներով, և ոչ թե վերջերս, այլ 2014 թ.-ին:
Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է համացանցում՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շրջանառվող պնդումները, թե մի սեյսմոլոգ կանխատեսել էր աղետը դրանից օրեր առաջ: Մասնավորապես, սոցցանցերում տարածվել է սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսի թվիթերյան գրառումը, որտեղ նա պնդում էր, որ վաղ թե ուշ այդ տարածաշրջանում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է լինելու:
Sooner or later there will be a ~M 7.5 #earthquake in this region (South-Central Turkey, Jordan, Syria, Lebanon). #deprem pic.twitter.com/6CcSnjJmCV
— Frank Hoogerbeets (@hogrbe) February 3, 2023
Ղազախստանի փաստեր ստուգողները հայտնում են, որ իրականում սեյսմոլոգներն ու երկրաբանները միաձայն նշում են, որ երկրաշարժերի ստույգ կանխատեսումը ներկայումս անհնար է։ Վիճակագրորեն, կանխատեսումները չեն տարբերվում պատահական գուշակություններից: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին, երկրաշարժերի առաջացման մեխանիզմը չափազանց բարդ և անկանխատեսելի է. այն ներառում է բազմաթիվ անընդհատ փոփոխվող գործոններ և գործընթացներ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ քիմիական: Ճիշտ կանխատեսման համար անհրաժեշտ է արագ հավաքել և վերլուծել տվյալներ ամբողջ մոլորակի տեկտոնական շերտերի վիճակի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ այս խնդրի լուծումը կլինի արհեստական ինտելեկտի օգտագործումը, սակայն առայժմ գիտնականներն իրենք են խոստովանում, որ նույնիսկ ալգորիթմների օգնությամբ կանխատեսումները կլինեն միայն մոտավոր։
Ռուսական provereno.media-ն ստուգել է սոցիալական ցանցերում տարածված հրապարակումը, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեղինակել է «Իմ պայքարը» վերնագրով գիրք: Իրականում, սակայն, չկա որևէ ապացույց, որ Պուտինը երբևէ նման գիրք է հրատարակել: Պնդումները հիմնված են հումորային նկարի վրա, որը, ըստ երևույթին, առաջին անգամ հայտնվել է ռուսական ֆորումներում 2004 թ.-ին: 19 տարի անց քաղաքական գործիչ Գենադի Գուդկովն այն հրապարակել է թվիթերյան իր էջում՝ սխալմամբ կամ դիտմամբ այդ տեղեկությունը նորից շրջանառության մեջ դնելով:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցցանցերում տարածված ցունամիի տեսանյութը: Օգտատերերը տարածում են այն որպես Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տեսագրված կադրեր: Սակայն դա իրականում նկարահանվել է 2011 թ.-ին Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ժամանակ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից հետո կեղծ կամ հին լուսանկարներ են սկսել շրջանառվել համացանցում՝ ամերիկյան Snopes-ը ստուգել է մի քանի առավել շատ տարածված լուսանկարներ, որոնք հաճախ վերագրվում են 2023 թ.-ի աղետին:
Sosyal medyada yapılan paylaşımlarda yer alan köpekler İzmir ve 24 Ocak Elazığ depremi sonrasındaki kurtarma çalışmalarından değil.
Görseller fotoğrafçı Jaroslav Noska’ya ait ve 2018 yılından bu yana internette. https://t.co/tqiZV3rWmf
— Teyit (@teyitorg) October 30, 2020
Ավերակների վրայով վազող շան լուսանկարն իրականում արվել է ոչ ուշ, քան 2018 թվականը և ոչ մի առնչություն չունի այս երկրաշարժի հետ:
Earthquake…The moment that make us remember how weak is the human being! #Earthquake #Kocaeli #duzce #depremistanbul #deprem pic.twitter.com/WKjtygRXoR
— Ayshe Khattab (@AysheKh97) November 23, 2022
Մի քանի հաց ձեռքին պահող տղամարդ պատկերող լուսանկարը նույնպես կապ չունի 2023 թ. փետրվարին տեղի ունենացած երկրաշարժի հետ: Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ նկարն արվել է 1999 թվականի նոյեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած 7․2 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը