«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տեսանյութը, որում հեղինակը պնդում է, թե Իսպանիայում զոոֆիլիան օրինականացվել է՝ համաձայն նոր օրենքի: Իսկապես, Իսպանիայում քննարկվում է կենդանիների իրավունքների մասին նոր օրինագիծը, որը դեռ չի հաստատվել խորհրդարանի կողմից: Օրինագծի հեղինակները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժելու համատեքստում առաջարկում են «սեռական շահագործումը» փոխարինել է «սեռական բնույթի […] արարքներով, որոնք վնաս են պատճառում կենդանուն, որը բուժում է պահանջում» ձևակերպմամբ։ Նախկին օրենքը բազմիցս քննադատության է ենթարկվել, քանի որ կենդանիների սեռական շահագործման համար պատիժ էր սահմանված, միայն եթե դրա նպատակը տնտեսական շահույթն էր: Մնացած բոլոր դեպքերում արարքը մնում էր անհետևանք: Հետևաբար պնդումը, թե նոր օրենքով Իսպանիայում զոոֆիլիան օրինականացվել է, կեղծ է:
Vox-ի ուկրաինական ծառայության փաստեր ստուգողների թիմն ուսումնասիրել է համացանցում տարածված տեղեկությունները, թե էլեկտրականության անջատումների պատճառով Ուկրաինայում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը: Սակայն իրականում էլեկտրաէներգիայի բացակայությունն էապես չի ազդել երկրի հանցավորության մակարդակի վրա՝ համաձայն երկրի Ներքին գործերի նախարարության տվյալների: Միջադեպերից խուսափելու համար կառույցը ավելացրել է նաև հերթապահող պարեկների ու կամավորների թիվը փողոցներում: Այդուհանդերձ, աճել են ընտանեկան բռնության մասին հաղորդումները:
Ռուսական provereno.media-ն ստուգել է ժամանակ առ ժամանակ տարածվող տեսությունը, թե երկրաշարժները կարող են արհեստական ծագում ունենալ: Ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ մարդկային որոշ գործողություններ, ինչպիսիք են միջուկային փորձարկումները կամ կեղտաջրերի խորքային հեռացումը, իսկապես կարող են ազդել սեյսմիկ ակտիվության վրա և առաջացնել մինչև 5-6 բալ ուժգնությամբ «արհեստական» երկրաշարժեր: Այնուամենայնիվ, անհնար է նման գործողություններ կազմակերպել օտար տարածքում՝ հատկապես հակառակորդի համար անտեսանելի կերպով։ Մասնագետները պնդում են, որ իրական կյանքում նման երկրաշարժերը քիչ հավանական են և անկանխատեսելի, հետևաբար նման միջոցները ռազմական նպատակներով օգտագործել հնարավոր չէ:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում արագ տարածվող պնդումը, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ կադրում հայտնվել է նմանակը: Զելենսկու նմանակի մասին ապատեղեկատվության տարածումը չի դադարում Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր:
Polish media accidently recorded #Zelensky‘s double when they covered #Biden‘s visit to #Kyiv#Awkward pic.twitter.com/F2ufQk76z0
— Arthur Morgan (@ArthurM40330824) February 25, 2023
Այնուամենայնիվ, նույն միջոցառման ժամանակ Reuters-ի կատարած լուսանկարները ցույց են տալիս, որ որպես ենթադրյալ նմանակ ճանաչված տղամարդը Մաքսիմ Դոնեցն է, որը Զելենսկու անվտանգության ղեկավարն է 2019 թվականի մայիսից:
Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է համացանցում տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ-ում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ԱՄՆ-ն պետք է «ուղարկի իր որդիներին և դուստրերին»՝ զոհվելու հանուն Ուկրաինայի։ Իրականում Զելենսկու խոսքերը ամբողջովին աղավաղվել են: Ուկրաինայի նախագահը պնդել է, որ եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, ԱՄՆ-ն ստիպված կլինի ուղարկել իր որդիներին և դուստրերին մարտադաշտ «ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ուղարկում մեր որդիներին և դուստրերին պատերազմ»՝ նկատի ունենալով, որ նման սցենարում ամերիկացները ներքաշվելու են Ռուսաստանի հետ ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտի մեջ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը