«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է ռուսական տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությունը, թե Եվրամիությունը €31 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին ԼԳԲՏ արժեքների ներդրման համար: Փաստեր ստուգողները պարզել են, որ լուրի սկզբնաղբյուրը Осташко! Важное տելեգրամյան ալիքն է, որն ընդամենը հայտնել է, որ ԵՄ-ն €31 մլն է հատկացրել Հայաստանին քաղաքացիական հասարակության զարգացման համար 31 առանձին ծրագրերի շրջանակում: Սա համապատասխանում է իրականությանը, քանի որ այդ մասին գրել է նաև Արևելյան գործընկերության կայքը: Հատկանշական է, որ ԼԳԲՏ բովանդակության հարցերի մասին որևէ հիշատակություն դրամաշնորհների համատեքստում չկա: Այս թեմայով նախորդ տարիների ծրագրերի ուսումնասիրությունից, ինչպես նաև Հայաստանում 2021-2027 թվականներին քաղաքացիական հասարակության հետ ներգրավվածության ԵՄ ճանապարհային քարտեզից հետևում է, որ միջոցներ են հատկացվում, ի թիվս այլ բաների, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Հետևաբար, Հայաստանում ԼԳԲՏ արժեքների ինտեգրման համար €31 միլիոն տրամադրելու մասին տեղեկությունը կեղծ է։
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է WhatsApp հավելվածի միջոցով տարածված նկարը, ըստ որի՝ Ղազախստանում դեկտեմբերի վերջին սպասվում է -44-50 աստիճան սառնամանիք: Իրականում, սակայն, ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տարածվող նկարը կապ չունի Ղազախստանի հետ։ Հաղորդագրության մեջ առկա MBU EDDS PGO հապավումը նշանակում է «Քաղաքային բյուջետային հաստատություն, Պոլիսաևսկի քաղաքային շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայություն», որը գտնվում է Կեմերովոյի մարզում (ՌԴ): Այսպիսով, եթե փաստաթուղթն իսկական է, թեև բաց աղբյուրներում դրա մասին տեղեկություն չկա, ապա կանխատեսումը վերաբերում է Ռուսաստանի շրջաններից մեկին։ Սակայն դա այս տարվա մասին չէ, քանի որ ռուս օգտատերերը տարածել են այն նաև 2020, 21 և այլ թվականներին:
Թուրքական Teyit-ը ստուգել է սոցցանցերում տարածված գրառումները, թե Թուրքիան կազմակերպված հանցավորության ինդեքսով աշխարհում առաջինն է։ Փաստեր ստուգողները պարզել են, որ Թուրքիան այդ ցուցանիշով առաջինն է, սակայն Եվրոպայում՝ ըստ կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի: Աշխարհում այդ երկիրը կազմակերպված հանցավորության ինդեքսով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում շրջանառված գրառումներն այն մասին, թե TIME-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճանաչվել է «Ամենասեքսուալ տղամարդ»՝ ըստ People ամսագրի: Սակայն այդ պնդումը կեղծ է: Ամսագրի այդ անվանակարգի հաղթողն այս տարի ամերիկացի հայտնի դերասան Քրիս Էվանսն է:
We hear he will be getting a Lifetime Achievement award from the Academy as well as honorary doctorate degrees from both Harvard and Yale. The Nobel for peace is all but guaranteed at this point. pic.twitter.com/M2QiVfuWBb
— GettingTriggeredUSA (@gettriggeredusa) December 7, 2022
Ամերիկյան Snopes-ը ստուգել է համացանցում տարածվող պնդումները, թե միլիարդատեր Իլոն Մասկին հեռացրել էին աշխատանքից, երբ նա PayPal-ի գործադիր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: Տեղեկությունը, ըստ ամերիկացի փաստեր ստուգողների, մեծամասամբ ճիշտ է: 2000 թվականին Իլոն Մասկը հեռացվել է X.com-ի գործադիր տնօրենի պաշտոնից այն բանից հետո, երբ այն միացավ Confinity ծրագրային ապահովման ընկերությանը, որը ներկայացնում էր PayPal-ը որպես ծառայություն: 2001 թվականին ընկերությունը վերաբրենդավորվեց որպես PayPal: Սակայն ընկերությունը հայտնի չէր որպես PayPal, երբ Մասկն աշխատում էր այնտեղ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը