«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում շրջանառվող տեսանյութը, որում ներկայացվում է Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնք իբրև թե մահացել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով: Կայքը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և առողջապահության ազգային կենտրոն՝ խնդրելով ստուգել տեսանյութում ներկայացված ցանկը (100-ից ավելի մարդ): Պարզվել է, որ անձանցից ոչ մեկ չի մահացել պատվաստման հետևանքով: Ավելին, տեսանյութում թվարկված մարդկանց մի մասը՝ 42 հոգի, ընդհանրապես պատվաստված չի եղել։
Ղազախստանյան factcheck.kz կայքը ստուգել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պնդումները սեպտեմբերի 1-ի ամենամյա ելույթի ընթացքում: Այսպես, նախագահը հայտարարել է, որ արտաքին ջրի ներհոսքի կրճատումը սրվում է դրա անարդյունավետ օգտագործմամբ. կորուստները հասնում են մինչև 40%-ի։ Փաստեր ստուգողները պարզել են, որ Ղազախստանում ջրի սպառման 63%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, և ենթակառուցվածքների մաշվածության պատճառով, տարբեր գնահատականներով, ջրի 40%-ից մինչև 50% կորուստ է գրանցվում: Հետևաբար, Տոկաևի հայտարարությունը ճիշտ է:
Ռուսական Проверено-ն ստուգել է օգոստոսի կեսերին համացանցում տարածված մի տեսանյութ, որն իբրև թե ապացուցում է, որ Ուկրաինան «բեմադրել է ռուսական զորքերի վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ»: Տեսանյութը տարածել էր նաև ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը: Ռուսաստանցի փաստեր ստուգողների տեղորոշումը ցույց է տվել, որ տեսանյութն իսկապես նկարահանվել է Կիևի շրջանի Գոստոմել ավանում: Նկարահանումն իրականացրել է տիկտոկյան մի օգտատեր, որը դեռևս օգոստոսի 9-ի իր մեկնաբանություններում նշել էր, որ փորձել է վերարտադրել Բուչայի, Իրպենի և Գոստոմելի իրադարձությունները վավերագրական ֆիլմի համար: Հետևաբար պնդումը, թե տարածվող տեսանյութը ապացուցում է Գոստոմելում բնակիչների սպանությունների բեմադրված լինելը, կեղծ է:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է Ֆեյսբուքում հազարավոր տարածումներ ունեցող գրառումը, թե բրիտանական կառավարությունը գաղտնի կերպով չեղարկել է հղի և կրծքով կերակրող կանանց թույլտվությունը՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար: Բրիտանացի փաստեր ստուգողները գտել են, որ այդ պնդումը պաշտոնական փաստաթղթերի սխալ մեկնաբանության արդյունք է: Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորող գործակալության կայքում ամեն օր թարմացվում են պատվաստման կարգավորումները, սակայն ֆեյսբուքյան գրառման հեղինակները տարածել էին 2020 թ. դեկտեմբերի տվյալները, երբ դեռ չէր խրախուսվում հղիների և կերակրող կանանց պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Դրանից հետ կարգավորումները թարմացվել են, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը անվտանգ են հղիների և կերակրող մայրերի համար:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է տարածված առասպելը, թե մահանալուց հետո եղունգները և մազերը շարունակում են աճել: Ամերիկացի փաստեր ստուգողները, հղում անելով գիտական աղբյուրների, եզրակացրել են, որ թվացյալ աճը տեսողական խաբկանք է: Իրականում մահից հետո մաշկը կարող է հետ քաշվել եղունգների և մազերի շուրջը, ինչի հետևանքով դրանք ցցվում են և տպավորություն ստեղծում, թե աճել են: Սակայն իրականում նման բան տեղի ունենալ չի կարող:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը