«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ղազախստանում գործող factcheck.kz-ը ստուգել է սոցցանցերում տարածված հին գրառումը, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը առաջարկել է ղազախերենը հայտարարել թյուրքական ժողովուրդների լեզու:
Փաստեր ստուգողները եզրակացրել են, որ գրառումը կեղծ է, քանի որ նախ՝ Հեյդար Ալիևը Ադրբեջանի գործող նախագահը չէ, իսկ Իլհամ Ալիևը նման հայտարարություն երբևէ չի արելի: Խոսքերի հեղինակն իրականում ղազախստանցի մի քաղաքագետ է, որն այդ հայտարարությունն արել է 2011-ին:
VOX-ի ուկրաինական ծառայությունը ստուգել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե Վատիկանը կատարել է ռուբլիով առաջին վճարումը ռուսական գազի համար: Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Դրա մասին առաջին անգամ գրել է Մարիա Լեդովսկայա անունով օգտատերը Թվիթերում և հաջորդ օրն իսկ հաստատել է, որ իր գրառումը հումորային բնույթ էր կրում: Իսկ Վատիկանն իրականում չի հայտարարել ՌԴ-ի հետ ռուբլիով գործարքներ կատարելու մտադրության մասին:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցիալական ցանցերում քննարկվող թեման, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միլիարդատեր է: Այնուամենայնիվ, այդ պնդումները հիմնավորված չեն, ֆինանսական հայտարարագրերը և Forbes-ի հետաքննող լրագրողները ցույց են տալիս, որ Զելենսկին հավանաբար ընդամենը միլիոնատեր է:
Ըստ Forbes-ի՝ 2020 թվականի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարագրել է 1 մլն դոլարի եկամուտ: Նրա ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 20 միլիոն դոլար: Նախկին կատակերգու դերասան, պրոդյուսեր Զելենսկու եկամտի հիմնական աղբյուրն իր ստեղծած «Կվարտալ 95» ստուդիան է, որի կառավարումից նա հրաժարվել էր նախագահ դառնալուց անմիջապես առաջ: Զելենսկին որևէ վարկածով ընդգրկված չէ միլիարդատերերի ցուցակներում կամ նույնիսկ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում:
Ամերիկյան Snopes-ի հոդվածներից մեկը նույնպես Վլադիմիր Զելենսկու վերաբերյալ էր: Սոցիալական ցանցերում տարածվում էր իբր թե TIME ամսագրի գլխավոր էջը, որի վրա Ուկրաինայի նախագահի անունը գրված էր առանց «Զ և «Վ» տառերի: Գրառումը ուղեկցող տեքստում նշվում էր, որ հաշվի առնելով, որ այդ տառերը ռուսական բանակի խորհրդանիշներն են դարձել, Զելենսկին որոշել է հրաժարվել իր անվան և ազգանվան սկզբնատառերից: Գրառումն ամբողջովին կեղծ էր, նման հրապարակում TIME ամսագիրը չէր արել:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը