«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական factcheck.ge-ն ստուգել է սոցիալական ցանցերի վրացական տիրույթում տարածված տեղեկությունները, թե Ավստրիան համաձայնվել է ռուսական ռուբլով վճարել գազի դիմաց: Սակայն այս պնդումները սխալ են և հերքվել են բարձր մակարդակով: Մասնավորապես, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը թվիթերյան էջում գրել է, որ շարունակելու են գազի համար եվրոյով վճարել: «Ավստրիան խստորեն հետևում է ԵՄ-ի հետ համաձայնեցված բոլոր պատժամիջոցներին»,— հավելել է նա:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի Սենատի անդամ Աբդալա Նուրալիեևի այն պնդումը, թե վերջին երեք տարիների ընթացքում երկրում զգալիորեն աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Պատգամավորը նույն ելույթում նշել էր, որ երկրի բնապահպանական վիճակը վատթարացել է:
«Ըստ ուսումնասիրությունների՝ 3 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 14%-ով»,- ասել էր պատգամավորը։
Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել էին, որ պատգամավորի պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ պարզ չէր, թե ինչ հետազոտությունների է հղում անում նա, իսկ իրականում 2018-2020 թթ. քաղցկեղային հիվանդությունների թիվը Ղազախստանում աճել է 10.6 տոկոսով, ոչ թե 14: Ավելին՝ 2020 թ. հիվանդությունների թիվը կրճատվել էր: Ինչ վերաբերում է բնապահպանական իրավիճակին, ապա պատգամավորը նշել էր, որ արտանետված վնասակար նյութերի կեսը բաժին է ընկնում երկու շրջանի: Factcheck.kz-ի լրագրողները պարզել էին, որ այդ պնդումը ճիշտ է, և հավելել, որ աշխարհում տարեկան օդի աղտոտվածությունից մահանում է 7 մլն մարդ:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, երբ հայաստանցի պատգամավորներն իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ թուրք ծայրահեղ ազգայնականների նշանը ցույց տալու փաստի դեմ, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Քամալ Ջաֆարովն ի պաշտպանություն հայտարարել էր, որ նույնիսկ Բարաք Օբաման է ցույց տվել այդ նշանը: Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է այս պնդումը և պարզել, որ դա սխալ է: Բարաք Օբաման համանման նշան է ցույց տվել, սակայն դա ուրիշ նշանակություն ուներ: Կալիֆոռնիայի համալսարան այցերից մեկի ժամանակ Օբաման «մրջնակերի նշան» էր ցույց տվել, որն այդ ուսումնական հաստատության թալիսմանն է և թուրքական «Գորշ գայլերի» ազգայնական կազմակերպության հետ կապ չունի։
Միջազգային
Ապրիլի 24-ին Ուկրաինա այցելեցին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթընի Բլինքենը: Այցից անմիջապես հետո ամերիկացի օգտատերերը սկսել են գրել, որ այցն իրականում բեմադրված է այլ վայրում, օրինակ՝ Լեհաստանում, քանի որ լրագրողները բարձրաստիճան պաշտոնյաներին չեն ուղեկցել: Ամերիկյան politifact.com-ի լրագրողները գրել են, որ իրականում հանդիպումը կազմակերպվել է գաղտնիության խստագույն պայմաններում, և անվտանգության նկատառումներից ելնելով լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել այցը: Կիևյան հանդիպումների մանրամասները հայտնի են դարձել միայն Բլինքենի և Օսթինի այցից հետո: Ամերիկացի փաստեր ստուգողները համեմատել են Ուկրաինայի նախագահի ընդունելության սրահը այլ տարիներին տեղի ունեցած հանդիպումների վայրի հետ և եզրակացրել, որ Բլինքենի ու Օսթինի հանդիպումը Զելենսկու հետ եղել է նույն սենյակում: Հետևաբար, պնդումները, որ ամերիկացիների այցը Կիևում չի տեղի ունեցել, սխալ է:
Թվիթերում և սոցիալական այլ ցանցերում շրջանառվում է տեսանյութ, որից տպավորություն է ստեղծվում, թե Իլոն Մասկի հետ տեսահանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սեղանին կոկային տեսակի թմրամիջոց է դրված:
Zelensky and his inner circle of associates are on cocaine. Zelensky’s drug gang is leading Ukraine into despair. pic.twitter.com/kvRVqFa0UH
— George (@George00333300) April 23, 2022
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում տեսանյութը մոնտաժված է. Դրա օրիգինալում Զելենսկու սեղանի այդ հատվածը դատարկ է:
Посмотреть эту публикацию в Instagram
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը