Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և «հարավային ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ»:
Ռուսական Gazeta.ru-ն Ղարաբաղի ՊԲ-ի հաղորդագրության տարածումից անմիջապես հետո հրապարակեց «Լեռնային Ղարաբաղը մեղադրել է Ադրբեջանին ամերիկյան համազարկային հրթիռային կայանքներ օգտագործելու մեջ» վերնագրով նյութը, որտեղից էլ այն սկսեց վերատպվել ռուսական մեդիայում` հայտնվելով «Российский Диалог» և «Գոսնովոստի» կայքերում:
Այնուամենայնիվ, ՊԲ-ն իր հաղորդագրության մեջ չէր մատնանշել զինատեսակի արտադրության երկիրը և այն ավելացնելն ու «ամերիկյան» դարձնելը ռուսական ԶԼՄ-ի նախաձեռնությունն էր:
Սակայն, TR-107-ը ամերիկյան զենք չէ: Այն Չինկական Type-63 107 միլիմետրանոց 12 փողային համազարկային կրակի համակարգի թուրքական ROKETSTAN ընկերության կողմից լիցենզիայով արտադրվող տարբերակն է: Այն կոչվում է T-107 և կրակում է TR-107 “Anadolu” (թարգմանաբար՝ «Անատոլիա») հրթիռային արկեր:
Ընդ որում, ադրբեջանական ՊՆ-ն օգտագործեց այս ապատեղեկատվությունը: Մասնավորապես, մեկնաբանելով TR-107-ի կիրառման վերաբերյալ մեղադրանքը՝ օգտագործեց ռուսական կայքերի այս հրապարակումը։ Բաքվում հայտարարեցին, որ հայկական «ռազմական գերատեսչությունը խճճվել է սեփական խաբեության մեջ»` ռուսական ապատեղեկատվությունը վերագրելով Ղարաբաղի ՊԲ-ին:
Նշենք, որ Gazeta.ru-ի հրապարակումը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածեց նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը՝ այդ կերպ տարածելով ակնհայտ սուտ հրապարակումը:
Հավելենք, որ վաղ ներկայացրել էինք Ադրբեջան զենքի մատակարարման պատկերը: Հիշեցնենք, որ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի 2015 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքների 85 տոկոսը մատակարարել է Ռուսաստանը: