«Փաստերի ստուգման հարթակը» օրեր առաջ «Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները» վերնագրով հոդված էր հրապարակել։
Հրապարկման մեջ ասվում էր, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ըստ ձեռք բերված տվյալների, հանդիսանալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատարերից մեկը, դրա միջոցով ֆինանսավորել է իր և իր կնոջ բիզնեսները։ Ըստ հրապարակման՝ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծել է «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը, որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում Սյունիքի մարզպետի կողմից։
«Այսպես, 2017 թվականի հաշվետվության համաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։ Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։ Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում»,- ասվում է հոդվածում:
Մեր հրապարակման մեջ տեղ գտած նյութերը ուղարկվել են ոստիկանություն։ Այս մասին մեզ տեղեկացրին գլխավոր դատախազությունից։
«Հրապարակման մեջ տեղ գտած նյութերը ուղարկվել են ոստիկանության 6-րդ վարչություն, այժմ ստուգման փուլում են »,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Կարինե Կիրակոսյան