«Փաստերի ստուգման հարթակը», հավատարիմ մնալով ընթերցողներին բացառապես ստուգված և ճշգրիտ տեղեկություն տրամադրելու իր առաքելությանը, ստեղծել է հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն հուզող հարցերը տալ՝ կապված Հայաստանում հայտարարված արտակարգ դրության և կորոնավիրուսի հետ։
Այս հրապարակմամբ կանդրադառնանք մեզ հասցեագրված մի քանի հարցերի, որոնք, համոզված ենք, շատերիդ են հետաքրքրում կամ կպարունակեն Ձեզ համար օգտակար տեղեկություններ։
1․ Մի ախտանշանի առկայությունը հերի՞ք է, որ մարդը սկսի կասկածել, որ կորոնավիրուս ունի, թե՞ պետք է բոլորի առկայությունը։
Կորոնավիրուսի հիմանական ախտանշաններն են ջերմությունը, չոր հազը, շնչահեղձությունը և մկանային թուլությունը։ Բանն այն է, որ նման ախտանշաններ կարող են լինել նաև մրսածության, սովորական գրիպի կամ ալերգիայի պարագայում։ Մասնագետները պատրաստել են աղյուսակ՝ ներկայացնելով այն ախտանիշները, որոնք առավել հաճախ կամ հակառակը՝ առավել քիչ են հանդիպում կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում։ Սակայն նշենք, որ ախտանշանների առկայությունը կամ դրանց բացակայությունը չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել վարակված լինելը։ Օրինակ՝ մարտի 18-ին առողջապահության նախարարը հայտնեց, որ մեկուսացված 15 քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս այն դեպքում, երբ այդ մարդիկ որևէ ախտանշան չեն ունեցել։
2․ Որքա՞ն պետք է լինի մարմնի ջերմաստիճանը, որպեսզի համոզված լինես կորոնավիրուսով վարակված լինելու մեջ։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մարմնի բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի հիմնական ախտանշաններից է, սակայն դրա բացակայությունը կորոնավիրուսով վարակված չլինելու բավարար ապացույց չէ։ Հիվանդության մյուս ախտանշանների՝ չոր հազ, թուլություն և շնչառության խանգարումներ, առկայությունը ևս կարող են վկայել վարակի առկայության մասին։ Սակայն հիվանդությունն ունի գաղտնի շրջան՝ մոտավորապես 2 շաբաթ, և այդ ժամանակահատվածում վարակակիրը կարող է գանգատներ չունենալ։ Ինչպես արդեն վերևում նշեցինք, հնարավոր է որևէ ախտանշան չլինի, սակայն անձը վարակակիր լինի։
Դա է վկայում նաև վարչապետի մարտի 17-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որտեղ վերջինս հայտնեց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մարմնի ջերմաստիճանները վերջին չափումից հետո։ Ըստ այդ ցուցակի՝ գրեթե բոլորի մոտ ջերմաստիճանը գտնվում էր նորմայի սահմաններում։
3․ Բուժվելուց հետո հնարավո՞ր է նորից վարակվել։ Ապաքինվելուց հետո մարդը կարո՞ղ է վարակել ուրիշներին։
Ըստ Չինաստանի տեղական լրատվամիջոցների՝ Ուհան քաղաքում գրանցվել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր։ Կրկնակի վարակի առաջին դեպքերը գրանցվել են դեռ փետրվարի վերջին։ South China Morning Post-ի հաղորդմամբ՝ Ուհանի իշխանությունները փետրվարի 22-ին հավելյալ 14 օրյա կարանտին են սահմանել ապաքինված քաղաքացիների համար։ Այս հարցը, սակայն, մինչ օրս միանշանակ պատասխան չունի։ Հեղինակավոր Forbes-ը գրում է, որ գիտնականներն այն կարծիքին են, որ վիրուսից մեկ անգամ բուժվելուց հետո մարդը ձեռք է բերում դիմադրողականություն (իմունիտետ) դրա նկատմամբ։ Նոր արձանագրված դեպքերը պարբերականը բնորոշում է որպես բացառություն, անոմալիա կամ նման մի բան, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ վիրուսը ախտորոշող թեստերը կատարյալ չեն, և սխալվելու հավանականություն ևս առկա է։ ԱՀԿ փորձագետները ևս այն կարծիքին են, որ կրկնակի վարակի արձանագրման դեպքերը կապված են թեստերի անկատարության հետ։
4․Մահացած մարդուց հնարավո՞ր է վարակվել։
Այս հարցի պատասխանը մենք այդպես էլ չկարողացանք գտնել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում ևս չկար որևէ տեղեկություն մահացած մարդուց վիրուսի հնարավոր տարածման կամ դրա տարածման հավանականության բացառման մասին։
5․ Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացին կարո՞ղ է մեկնել արտերկիր:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածի համաձայն` ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ ապրանքների փոխադրում իրականացնող անձանց։
Օդային ճանապարհով ՀՀ սահմանը հատելու սահմանափակում չկա, սակայն պետք է ուշադիր լինել, որ ժամանման երկիրը սահմանափակումներ կիրառած չլինի օտարերկրացիների համար։ Օրինակ՝ ԵՄ-ն որոշում է ընդունել 30 օրով փակել սահմաններն այլ երկրների քաղաքացիների համար։
6․ Ինչպե՞ս ու որքա՞ն ժամանակ է վարակը պահպանվում տարբեր իրերի վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ մինչ օրս հայտնի չէ, թե վիրուսը որքան ժամանակ կարող է կենսունակ լինել մակերևույթների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը, այդ թվում՝ նոր տիպի կորոնավիրուսը, մակերևույթների վրա կարող է գոյատևել մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Սա կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով՝ ջերմաստիճան, խոնավություն և այլն։ Լավագույն տարբերակը, որ առաջարկում է ԱՀԿ-ն, մակերևույթները հաճախակի ախտահանելն է, հատկապես՝ եթե կա կասկած, որ այն կարող է վարակված լինել։
7․ Ճի՞շտ են լուրերը, թե նոր կորոնավիրուսը չի դիմանում բարձր ջերմաստիճանին։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսները ջերմակայուն են, նոր տիպի կորոնավիրուսը կարող է տարածվել աշխարհի բոլոր ծայրերում՝ անկախ ջերմաստիճանից։ Իսկ կորոնավիրուսների որոշ տեսակներ կարող են դիմանալ մինչև 70 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Նոր տիպի կորոնավիրուսի ջերմակայունության աստիճանը դեռ գիտականորեն ապացուցված չէ, և ԱՀԿ-ն հերքում է լուրերը, թե եղանակների տաքացմանը զուգահեռ՝ կորոնավիրուսը կնահանջի։
«Փաստերի ստուգման հարթակը» առաջիկայում ևս հանդես կգա հրապարակումներով՝ պատասխանելով ընթերցողներին հուզող հարցերին։
Անի Ավետիսյան
Սևադա Ղազարյան