Նախօրեին մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներ, հիմնվելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության (ԻՔՄ) բացահայտումների եւ Sut.am կայքի հրապարակումների վրա, շտապեցին բարձրաձայնել այն մասին, թե իբր Հայաստանը ոչ մի նոր սպառազինություններ, հատկապես՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր Ռուսաստանից չի ստացել։
Ադրբեջանական այս աղբյուրները նույնիսկ շտապեցին իրենց հրապարակումները «զարդարել» այնպիսի վերնագրերով, ինչպիսինն են «Հայաստանը մնացել է առանց «Իսկանդերների»» կամ «Հայաստանին զրկել են առասպելներից»։ Այս հրապարակումների հեղինակները, հղվելով ԻՔՄ-ի հրապարակած փաստերի վրա, համաձայն որոնց՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 200 միլիոնանոց վարկային պայմանագիրը դեռևս չի կատարվում, պնդում են, թե իբր Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա զորահանդեսին ցուցադրված տեխնիկան զուտ «ցուցադրական» է եղել և, որ այն իբր պատկանում է ՌԴ-ին։
ԻՔՄ-ն, բնականաբար, երբեք հանդես չի եկել պնդումներով, թե Հայաստանը ձեռք չի բերել սպառազինություններ (ինչը, անշուշտ, անչափ հաճելի կլիներ ադրբեջանական քարոզիչների համար)։ Հակառակը՝ ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ձեռք բերված բոլոր նոր սպառազինությունների, այդ թվում՝ «Իսկանդերների» համար ՀՀ-ն ուղղակի վճարումներ է իրականացնում, ինչը ըստ էության, «Ազատության» հետ զրուցում հաստատել է նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։
Այլ կերպ ասած, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», բացահայտելով, որ 200 միլիոնանոց վարկով զենք և զինամթերք չի առաքվել, հաշվարկել է, որ «Իսկանդերների» դիմաց պետական բյուջեից վճարվել է 70-ից 100 միլիոն դոլար:
Ավելին, հարկ է նաև նկատել, որ ԻՔՄ-ն անդրադարձել է զենքի 200 միլիոնանոց պայմանագրին (անգամ թվարկելով դրա սահմաններում գնվելիք զինատեսակները) և երբեք չի նշել, «Իսկանդերների» ձեռքբերումը դրա հետ կապ ունի:
Այսպիսով՝ հերթական անգամ ստիպված ենք փաստել, որ իրականում գործ ունենք ադրբեջանական քարոզչության հետ, որը չի խորշում աղավաղել փաստերը և ներկայացնել բոլորովին այլ «իրականություն»։ Իսկ իրականությունն այս դեպքում այն է, որ ադրբեջանական քարոզիչները, օգտվելով Հայաստանում խոսքի ազատության, տվյալների հասանելիության, թափանցիկության և ժողովրդական այլ նորմերի առկայությունից, փորձում են իրենց «պատառը» քաղել՝ նույնիսկ եթե դա լինի անիրական եւ ամբողջովին կեղծված։