Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված՝ «Ղարաբաղ. Անվերջ պատերազմ» փաստագրական ֆիլմում դեկտեմբերի 26-ին անդրադարձել է 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի Մեծ Թաղեր գյուղի ժողովրդագրությանը:
«Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական բնակավայրերի պատմությունը սերտ փոխկապակցված է: Մենք հիմա գտնվում ենք մի գյուղում, որը ադրբեջանցիներն անվանում են Բեյուկ Թաղլարի, իսկ հայերը՝ Մեծ Թաղլար: Վերջին 30 տարում այն բնակեցված էր միայն հայերով: Խորհրդային տարիներին երկու ազգություններն էլ այստեղ ապրում էին միասին»,— նշել է լրագրող Օլգա Իվշինան Մեծ Թաղեր գյուղի կիսավեր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մուտքի մոտ:
Տեսանյութի հրապարակումից հետո Facebook-ի օգտատեր Սամվել Մելիքսեթյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մեծ Թաղերի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ հեղինակի պնդումները իրականությանը չեն համապատասխանում:
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով որոշ պատմական փաստաթղթեր, ներկայացնում է գյուղի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Մեծ Թաղերը վերջին հարյուրամյակներին ունեցել է միայն հայկական բնակչություն
Այսպես, Ռուսաստանի կայսրության վիճակագրական տվյալների համաձայն՝ 1886 թվականին գյուղում ապրում էր 2996 մարդ՝ բացառությամբ հայեր: 1897 թվականին գյուղում ապրում էր 2849 հայ, այլ ազգի բնակիչներ չեն հիշատակվում: Արդեն 1933 թվականին, Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական աղբյուրների համաձայն, Մեծ Թաղերի բնակչությունը բացառապես հայեր էին՝ 2852 մարդ: Ըստ Խորհրդային Ադրբեջանի հանրագիտարանի՝ 1981 թվականին գյուղում ապրում էր 1695 մարդ, սակայն չի մասնավորեցվում, թե ինչ ազգության էին նրանք պատկանում: Ենթադրվում է, որ թեև բնակչությունը կտրուկ կրճատվել է, ազգային կազմի էական փոփոխություն տեղի չի ունեցել, հակառակ դեպքում, առնվազն հայկական աղբյուրները կհիշատակեին այդ մասին: Ի դեպ, ադրբեջանական հանրագիտարանում գյուղի անունը նշված է հենց որպես «Մեծ Թաղլար», այլ ոչ թե «Բեյուկ Թաղլարի», ինչպես նշում է լրագրողը:
Մեծ Թաղերի գյուղապետ Անդրեյ Ալթունյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում խորհրդային տարիներին բացառապես հայեր են բնակվել։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակով գյուղի դեղատան աշխատողը ազգությամբ ադրբեջանցի է եղել, սակայն հետագայում նա հեռացել է գյուղից:
Ադրբեջանական զինված ուժերը գրավել են Մեծ Թաղերը 2020 թ. հոկտեմբերին, հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվել է:
Հետևաբար, լրագրողի պնդումը, թե Մեծ Թաղերում ապրել են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր, սխալ է:
Առհասարակ, Հադրութի շրջանում բնակչության շրջանում գերակշռում էին հայերը: ԽՍՀՄ անցկացրած մարդահամարի համաձայն՝ 1939 թ.-ին շրջանում ապրում էր 27,128 մարդ, որից 25,975-ը՝ հայ, 727-ը՝ ադրբեջանցի: 1979 թ.-ին Հադրութում ապրում էր 14,792 մարդ, որից՝ 12,489-ը հայ, 2239-ը՝ ադրբեջանցի: Խորհրդային տարիներին՝ նախկին Լեռնայի Ղարաբաղի Ինքնավար Մարզում, վերջին մարդահամարի համաձայն (1989), ապրում էր 189 հազար մարդ, որից 145 հազարը՝ հայ, 40 հազարը՝ ադրբեջանցի:
Հատկանշական է, որ բացառությամբ մի քանի բնակավայրերի և քաղաքների, Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչները կենտրոնացած էին առանձին բնակավայրերում, այսինքն՝ խառը կազմով համայնքներ գրեթե չկային:
Մեծ Թաղերում հայերը վաղուց են ապրել
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեկ այլ հրապարակման մեջ BBC-գրում է, որ Մեծ Թաղերում հայերը ապրել են հարյուր տարի:
Պատմելով դեպի Հադրութ կատարած ճանապարհորդության մասին՝ լրագրողը գրել է. «Նոր ճանապարհահատվածը կտրում է Բեյուկ Թաղլար գյուղի կենտրոնը (հայերեն՝ Մեծ Թաղեր): Այս ճանապարհը չկար երկու տարի առաջ, երբ վերջին 100 տարում այստեղ ապրած հայերը հեռացան գյուղից՝ փախչելով պատերազմից»:
Ճշգրիտ գիտական աղբյուրներ չկան, թե երբ է հիմնադրվել Մեծ Թաղեր գյուղը:
Ինչպես վերևում նշեցինք, դեռ 19-րդ դարի վերջից պաշտոնական վիճակագրական տվյալներ կան գյուղում բնակվող հայերի մասին: Բացի այդ, հաջորդ պարբերությունում ինքը՝ հեղինակը, նշում է, որ «ճանապարհից տասնյակ մետրեր հեռավորության վրա գտնվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հիմնադրվել է 1846 թվականին», ինչից կարելի է եզրակացրել, որ լրագրողը առնվազն մեկ դարով պակաս է ներկայացնում հայկական բնակչության ներկայությունը Մեծ Թաղերում:
Մեծ Թաղերի պատմամշակութային ժառանգության ավերումը 44-օրյա պատերազմից հետո
Մեծ Թաղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գյուղի շատ հուշարձաններ վանդալիզմի են ենթարկվել և ավերվել:
Caucasus Heritage Watch-ը հայտնաբերել էր, որ 2021 թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները քանդել են գյուղի կամուրջը՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով:
Ոչնչացվել է նաև գյուղի գերեզմանոցը, որը հիմնվել էր 19-րդ դարի սկզբին:
Monument Watch-ը հայտնել է, որ վանդալիզմի է ենթարկվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ մուտքի դռները ջարդված են, եկեղեցու ներսը աղտոտված, փորձել են քերել, վնասել մուտքի արձանագրությունը: Կազմակերպության տեղեկությունը հաստատվում է նաև BBC-ի ռեպորտաժում:
Լուսինե Ոսկանյան