Նոյեմբերի մեկին հայկական մեդիայում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էին Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցնելու մասին նորությունները։
«Ալիք Մեդիան» թեմայի վերաբերյալ նյութ էր հրապարակել՝ «Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են» վերնագրով։ Նյութը և վերնագիրն արտատպել էին Iravaban.am-ը, Panorama.am-ը և բազմաթիվ այլ կայքեր։
Շատ չանցած՝ սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկվում և քննադատում էին լրատվականների ընտրած շփոթեցնող վերնագիրը։
Չնայած վերնագրերին, իրականում բոլոր կայքերը հրապարակումների բովանդակության մեջ ներառել էին իրադարձության իրական պատճառը․ երկրին չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15,000 հազար չափաբաժին, և դրանց պիտանելիության ժամկետը լրացել է։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այս պատվաստանյութի կիրառությունը Վրաստանում և ամբողջ աշխարհում։
Վրաստանը և AstraZeneca-ն
Վրաստանում, ընդհանուր առմամբ, AstraZeneca-ով պատվաստվել է 61,456 մարդ։ Պատվաստանյութը երկրում ամենից քիչ պահանջարկ ունեցողն է։ Վրաստանում պատվաստում իրականացվում է չինական Sinopharm, Sinovac և գերմանա-բելգիական Pfizer պատվաստանյութերով։ Սրանք էլ առաջարկվել են AstraZeneca-ի առաջին չափաբաժին ստացած անձանց։ Երկրորդ դեղաչափի համար փոխարինող պատվաստանյութի կարիք ունեցողների թիվը շուրջ 2000 է։
Երկիրը որոշել է նաև այլևս չգնել և չստանալ այս պատվաստանյութից, որովհետև բնակչության շրջանում դրա պահանջարկը քիչ է։ Մեծ է նաև անվստահությունն այս պատվաստանյութի նկատմամբ՝ այս տարվա գարնանը պատվաստումից հետո բուժքրոջ մահվան դեպքով պայմանավորված։
Վրաստանում, ընդհանուր առմամբ, շուրջ երկու միլիոն անձ ստացել է առնվազն առաջին դեղաչափ պատվաստանյութ և մոտ 940 հազարը՝ երկու դեղաչափ։
AstraZeneca-ն ամենաշատ երկրներում հաստատված պատվաստանյութերից է
Աշխարհի տարբեր երկրներում հաստատված շուրջ երկու տասնյակ պատվաստանյութերից առաջիններից մեկը, որ հաստատվեց ԱՀԿ կողմից՝ անցնելով սահմանված փորձարկումները, AstraZeneca-ն է։ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութը հաստատվել է աշխարհի շուրջ 180 երկրների կողմից։ Երկրորդ տեղում Pfizer-ն է՝ մոտ 150 երկիր։ Ամերիկյան Moderna և չինական Sinopharm պատվաստանյութերը հաստատվել են շուրջ 8 տասնյակ երկրներում, ռուսական Sputnik V-ն՝ 50-ից ավելի երկրներում։
AstraZeneca-ն նախատեսում է մինչև տարեվերջ տարբեր երկրների ապահովել շուրջ երեք միլիարդ դեղաչափով։ Մինչ այս արտադրվել է AstraZeneca-ի ավելի քան մեկ միլիարդ դեղաչափ։
Կիրառության սկզբնական շրջանում պատվաստանյութի օգտագործումը ժամանակավորապես կասեցվել էր մի շարք երկրներում, նվազել էր նաև վստահությունը պատվաստանյութի նկատմամբ։ «Փաստերի ստուգման հարթակը» վերջերս անդրադարձել էր պատվաստանյութերի կողմնակի ազդեցություններին, ինչպես նաև դրանց հիմնական առանձնահատկություններին։
Անկախ քննադատություններից և մի շարք հարցերից՝ AstraZeneca-ն բազմաթիվ երկրներում շարունակում է մնալ կիրառվող հիմնական պատվաստանյութերից մեկը։
Այսպես, AstraZeneca-ն երկրորդ ամենատարածված պատվաստանյութն է և կազմում է ընդհանուրի շուրջ 12 տոկոսը՝ զիջելով «բացարձակ առաջատար» Pfizer/BionTech-ին։ Իսպանիայում պատվաստանյութը երկրի պատվաստանյութերի «պաշարի» շուրջ 15 տոկոսն է, Գերմանիայում՝ 12։ Առավել մանրամասն այս տվյալները ներկայացված են գրաֆիկում։
Անի Ավետիսյան