Analitik.am կայքը նյութ է հրապարակել, ըստ որի, «Ավստրիան 28 օր ժամանակ է տվել Ջորջ Սորոսի «Բաց Հասարակությունների» հիմնադրամին փակվելու համար»։ Հոդվածում մասնավորապես ասվում է․ «Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղեկացրել է Ջորջ Սորոսին, որ վերջինիս «Բաց Հասարակությունների» հիմնադրամին տրամադրվում է 28 օր փակվելու համար: Հակառակ պարագայում հիմնադրամի դեմ դատական հայց կներկայացվի՝ ազգի ժողովրդավարությունը քայքայելու փորձի համար»։
Հեղինակը հղում է անում ռուսական Pravda.ru կայքին, որն այս նյութը հրապարակել է մեկ տարի առաջ՝ 2017թ․ հոկտեմբերի 22-ին։ Ռուսական կայքն էլ իր հերթին հղում է կատարել ամերիկյան YourNewsWire.com կայքին, որը 2017 թվականին ճանաչվել է որպես ամերիկյան լրատվական դաշտում երկրորդ ամենաշատ կեղծ նյութեր հրապարակող կայք՝ «BuzzFeed»-ի կողմից։ Նյութի սկզբնաղբյուրը՝ YourNewsWire.com-ը, այն հրապարակել էր 2017թ․ հոկտեմբերի 19-ին, իսկ հետագայում այն հեռացվել է կայքից, բայց պահպանվել արխիվային վիճակում։
YourNewsWire.com-ի նյութին անդրադարձել էր «PolitiFact» փաստերի ստուգմամբ զբաղվող կայքը, որն այն ամբողջովին կեղծ է որակել։ Կայքը նկատել է, որ նյութի միակ՝ իրականությանը համապատասխանող պնդումներից են Ավստրիայի կանցլեր Կուրցի տարիքը և Սորոսի կողմից 18 միլիարդ դոլարի փոխանցումը իր հիմնադրած «Բաց Հասարակությունների» հիմնադրամին՝ նյութի հրապարակումից մի քանի օր առաջ։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ այդ հիմնադրամը նույնիսկ գրասենյակ չունի Ավստրիայում։
Հովհաննես Նազարեթյան