«Ինչ է սպասվում քաղաքական դեմքերին առնետի տարում» հրապարկման մեջ «Իրավունք» թերթն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Քաղաքական աստղագուշակ» խորագրի ներքո ներկայացրել է 16 քաղաքական գործիչներին վերաբերող կանխատեսումներ։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ «Իրավունք» թերթը սխալ է ներկայացրել քաղաքական գործիչներից որոշների կենդանակերպի նշանները։
Թերթը ներկայացրել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է «Կշեռք» կենդանակերպի նշանի ներքո, մինչդեռ երկրորդ նախագահը հորոսկոպով «Կույս» է։ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին։ «Կշեռք» կենդանակերպի նշանի տակ են մտնում 23.09-23.10 ժամանակահատվածում ծնվածները, իսկ «Կույսի»՝ 24.08-22.09 հատվածում։
Ըստ թերթի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հորոսկոպի նշանով «Խոյ» է (21.03-20.04): Մինչդեռ, Նաիրա Զոհրաբյանը ծնվել է մայիսի 8-ին, այսինքն՝ նրա հորոսկոպի նշանով ոչ թե «Խոյ» է, այլ «Ցուլ» (21.04-20.05), ըստ այդմ՝ թերթի կանխատեսումը սխալ է։
«Իրավունքի» պնդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը ծնվել է «Երկվորյակ» (21.05-21-06) նշանի ներքո, մինչդեռ նա ծնվել է «Խեցգետնի» նշանի ներքո՝ 23.06.1953-ին։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում «Իրավունքը» կրկին սխալվել է։ Նա ծնվել է 08.12.1978-ին, այսինքն՝ հորոսկոպով «Աղեղնավոր» է (23.11-21.12), սակայն թերթը ներկայացրել է, որ Դավթյանը ծնվել է «Կարիճ» նշանի տակ (24.10-22.11)։
Թերթը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնում է որպես «Այծեղջյուր»/ «Ջրհոս», մինչդեռ Տեր-Պետրոսյանը միանշանակ ծնվել է «Այծեղջյուր» հորոսկոպի նշանի տակ։ Նա ծնվել է 09.01.1945-ին, իսկ «Այծեղջյուր» կենդանակերպի նշանի տակ ծնվածները 22.12-20.01 ժամանակահատվածում են, այսինքն՝ նա բոլորովին էլ «Ջրհոսի» սահմանագծում չէ ( 21.01-20.01)։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Իրավունք» թերթի կանխագուշակությունները 16 քաղաքական գործիչներից 5-ի դեպքում սխալ են, քանի որ կենդանակերպի սխալ նշաններ են ընտրվել։